Հայաստանն առաջիկայում կստանա ռուսական Սպուտնիկ-V պաստվաստանյութի նոր խմբաքանակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Թեև AstraZeneca ընկերության պատվաստանյութի 24 հազար դեղաչափ խմբաքանակը դեռևս մարտի 28-ին է ներկրվել Հայաստան, սակայն նախարարի խոսքով, այն դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է: Նախարարը չի հստակեցնում, թե երբ, սակայն նշում է, որ առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում:
Պատվաստումները դեռ չեն սկսվել, իսկ Հայաստանում յուրաքանչյուր օր կորոնավիրուսային հիվանդույթունից, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 20 մարդ է մահանում:
Նախարար Ավանեսյանը նաև նշել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է և՛ ԵՄ, և՛ ԱՀԿ-ի վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի:
«Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում շարունակվում ենք Սպուտնիկ-V-ով պատվաստումները, սակայն, քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում:
«Առաջիկայում կստանանք Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով:
Տվյալ պատվաստանյութով, նշել է նա, ընդհանուր առմամբ պատվաստվել է 600 հոգի: «Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ աշխատանքների արդյունքում նախատեսում է առաջիկայում գնել Սպուտնիկ-V պատվաստանյութը», - ասել է նա:
Նշենք, որ մարտի 28-ին Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:
Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: