Մեր դժբախտություններից մեկն այն է, որ բոլորը խոսում, լուրջ վերլուծություններ են անում կորոնավիրուսի մասին, այդ աղմուկով խլացնելով ինֆեկցիոնիստի ու էպիդեմիոլոգի խոսքը։ Ուռուցքաբանը պետք է խոսի ուռուցքաբանության մասին, ինֆեկցիոնիստը՝ ինֆեկցիոն հիվանդությունների։ Մենք ամեն ինչ խառնել ենք իրար։ Հասարակության մեջ «չգիտեմ» ասելու բարդույթ կա, դրա համար էլ այս օրին ենք հասել։ Այս մասին հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ինչ-որ անլուրջ միջավայր է ստեղծվել, ինչի հետեւանքով էլ նաև կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվեցինք։
«Նժդեհն ասել է․ «Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն»։ Օրինակ, եթե դպրոցում երեխաներին առողջ ապրելակերպ եմ դասավանդում, նրանց ասում եմ՝ չծխեք, պատմում եմ ծխելու վնասակար ազդեցությունների մասին, բայց հետո՝ ընդմիջման ժամանակ լսարանի դիմաց կանգնած ծխում եմ, երեխաները կընկալե՞ն այդ մեսիջը։ Իհարկե՝ ոչ։ Հիմա նույնն այս տարբերակն է, եթե կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե անլրջացվել է, վերածվել շոուի, էլ ի՞նչ ենք պահանջում հասարակությունից»,- նշել է նա։
Թամամյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ կազմալուծվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որտեղ լավագույն մասնագետներն էին աշխատում։ Նրա գնահատմամբ, այս կենտրոնի կորուստը կարող ենք լուրջ մասնագիտական և մարդկային կորուստ համարել, որը չափազանց բացասական է երկրի համար։
"Կորոնավիրուսի հենց առաջին օրերին իմ կարծիքն արտահայտել եմ հանրային՝ ասելով, որ սա այն հարցն է, որի շուրջ պետք է ամբողջ բժշկական հանրությունը համախմբվի և քայլեր ձեռնարկենք, բայց... Երբ դիմացը մարդու առողջությունն է՝ կյանքը, այստեղ անձնական ամբիցիաներով շարժվելն անթույլատրելի է։ Համոզված եմ, որ ժամանակը միշտ ամեն ինչ իր տեղը դնում է»,- ասել է նա:
Նա նաև անդրադարձել է այն հարցին, որ Աննա Հակոբյանի հրաժարականից հետո «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում է Բագրատ սրբազանը։
"2018 թվականին մենք բժիշկներով ենք խնդրել Բագրատ Սրբազանին, որ լինի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Բացի այն, որ նա մեր ազգի ամենալուսավոր մարդկանցից մեկն է, գրեթե տասը տարի անընդհատ այցելում էր կլինիկա և այնտեղ բուժվող երեխաներին իր հոգևոր օրհնությունն էր բերում։ Նրա ներկայությունը շատ կարևոր էր։ Իսկ վերջերս խորհրդի անդամների կողմից եղավ առաջարկ Սրբազանին՝ ղեկավարել հիմնադրամը, նա էլ համաձայնվեց ստանձնել այդ ծանր գործը",- ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է ուռուցքաբանության ոլորտում առկա բացերին, Թամամյանն ասել է, որ դրանք բազմաթիվ են, ինչպես բոլոր ոլորտներում։
"Ամեն օր զբաղվում ենք այդ խնդիրներով և զարգանալու տեղ միշտ կա։ Համենայնդեպս, վերջին տարիներին մենք ունեցել ենք աննախադեպ զարգացումներ։ Զարգացած երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում քաղցկեղով հիվանդ երեխաների 80-85 տոկոսն առողջանում են, զարգացող երկրներից շատերում՝ միայն 20 տոկոսը։ Հայաստանը, լինելով զարգացող երկիր և ունենալով սահմանափակ ռեսուրսներ, մեր երկրում երեխաների 70-75 տոկոսն առողջանում են։ Դա տասնամյակների ընթացքում՝ սկսած մեր ուսուցիչներից, տաժանակիր աշխատանքի արդյունք է» ,- հավելել է նա: