Հայաստանում բազմաբաղադրիչ ճգնաժամ է: Այս մասին ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
"Մեզ մոտ հետպատերազմյան ճգնաժամ է, Ղարաբաղում տարածքների կորուստների ճգնաժամ, հազարավոր երիտասարդ կյանքերի ճգնաժամ, տնտեսական, առողջապահական ճգնաժամ՝ ինչպես և ողջ աշխարհում է: Մեզ մոտ կորոնավիրուսի հերթական ալիքն է: Բնականաբար, կա նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, քանի որ սա տանուլ տված պատերազմ էր: Ոմանց մոտ կա ինքնության ու ապագայի ճգնաժամ, այդ պատճառով այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ոմանք լքում երկիրը",- ասել է նա:
Ճշտող հարցին Արմեն Սարգսյանը հաստատել է, որ կրկին սկսվել է արտագաղթ: Նախագահի խոսքով, Հայաստանում լինում են դրական ու բացասական միգրացիաներ, կա նաև Սփյուռքի հետ կապված ճգնաժամ, քանի որ Հայաստանն ու Սփյուռքը ամուր կապված են, մի ամբողջություն են, և ցանկացած բան՝ դրական կամ բացասական, որ տեղի է ունենում Հայաստանում, անմիջապես արտացոլվում է մեր եղբայրների ու քույրերի վրա Բուենոս Այրեսում, Մարսելում կամ Մոսկվայում:
"Ճգնաժամերը շատ են: Իհարկե, կա նաև քաղաքական ճգնաժամ: Մի քանի դիտարկում անեմ: Առաջինը. մեզ նման ժողովուրդը, մեր փոքր երկիրը պետք է ունենան ապագայի հստակ տեսլական, առաքելություն: Այսինքն, այդ տեսլականն այնքան հստակ ու ուժեղ պետք է լինի, որ առաքելություն դառնա։ Պետք է հստակ հասկանանք, թե ուր ենք գնում և ինչու: Որպես հանրապետության նախագահ՝ հատկապես հիմա փորձում եմ դանդաղ, հստակ դրույթներով հասկացնել, որ այն կարևոր է: Առաքելությունն անհրաժեշտություն է, և այն չպետք է բխի որևէ մեկից: Այն պետք է լինի մի առաքելություն, որը կքննարկեն շատերը, նրանք, ովքեր մտածում են երկրի ապագայի մասին: Այն պետք է լինի բոլորի ներգրավվմամբ՝ նախ և առաջ Ռուսաստանի համայնքի, քանի որ այն ամենամոտն է",- շեշտել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով այն խնդրին, որ ՀՀ Սահմանադրության մեջ ի սկզբանե դրվել են արգելքներ, որոնք թույլ չեն տալիս ներգրավել արտերկրում բնակվող հայերին, որպեսզի նրանք կարողանան օգնել իրենց պատմական հայրենիքին, նախագահը նշել է, որ դա լուրջ խնդիր է, քանի որ մարդը, ով հսկայական փորձ է ձեռք բերել, հասել է բարձունքների, չի կարող գալ և նախարար դառնալ Հայաստանում: Եվ իր համար սա անհեթեթություն է:
"Օրինակ, եթե մենք մտածում ենք, որ ստեղծված ճգնաժամի հաղթահարման հնարավոր ճանապարհներից մեկը տեխնոկրատների կառավարություն կազմելն է և պրոֆեսիոնալների հրավիրելը, մենք ֆենոմենալ արդյունք ունենք, եթե դիտարկենք Սփյուռքը։ Օրինակ, եթե պայմանականորեն բարձր տեխնոլոգիաների նախարար ենք ուզում նշանակել, ես ունեմ 100 անձի մի ամբողջ ցուցակ միայն Ռուսաստանից, ում կարող եմ հրավիրել", - ասել է նա:
Լրագրողի ճշտող հարցին՝ եթե Հայաստանում դա հասկանում են, ինչո՞ւ Սահմանադրությունը չի փոխվում, Արմեն Սարգսյանն արձագանքել է, որ Հայաստանում հասկանում են, սակայն մշտապես դժվար է հանձնել աթոռը՝ իշխանությունը: Ուստի դրա համար պետք է պայքարել։
"Օրինակ, կրթության և գիտության նախարարը կարող է լինել այլ երկրից, օրինակ՝ ԱՄՆ-ից․․․ ԱՄՆ-ում հիմա կա կորոնավիրուսի դեմ գրանցված երկու պատվաստանյութ՝ Pfiezer և Moderna: Վերջինը ստեղծել է մի հայտնի հայի՝ Նուբար Աֆեյանի ընկերությունը, ով Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է: Կարո՞ղ է նա լինել կրթության և գիտության նախարար, բնականաբար ո՛չ: Նույնը նաև առողջապահության մեջ է: Ողջ աշխարհում առողջապահության ոլորտում ամենահայտնի դեմքերից մեկը լորդ Արա Դարզին է՝ հայ Իրաքից: Մենք նրան Պատվո շքանշան ենք տվել, նա եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը, Բարաք Օբամայի խորհրդատուն, Ճապոնիայի կառավարության ամենապատվավոր պարգևին է արժանացել, Կատարում ամենամեծ հիվանդանոցն է ստեղծել: Կարո՞ղ է նա Հայաստանում լինել նախարար, պատասխանը ո՛չ է",- հավելել է նա: