25.11.2024
Թուրքիայում ընդունվել է պատգամավորներին անձռնմխելիությունից զրկելու օրենք
prev Նախորդ նորություն

Մոսկվան արձագանքել է Թբիլիսիի մտադրությանը ուժեղացնել Աբխազիայի հետ սահմանը

Վրաց-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանությունից հետո Թբիլիսին ուժեղացնում է պաշտպանությունն Աբխազիայի հետ սահմանային գոտում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիան՝ նշելով, որ մի միջոցառումը ձեռնարկվում է Վրաստանի քաղաքացու սպանության դեպքից հետո, հայտնում է РИА Новости-ն:

Վրաստանի քաղաքացու սպանության դեպքը կրկին հիշեցրել է վրաց-ռուսական հարաբերություններում առկա խորը խնդիրները եւ հակասությունները: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը բողոք էր հայտնել սպանության դեպքի առիթով՝ նշելով, որ միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ռուսական կողմը: Գերատեսչությունից հատկապես կարեւորել էին Աբխազիայում և Հարավային Օսիայում անվտանգության մեխանիզմներ ստեղծման անհրաժեշտությունը:

Վրաստանի քաղաքացի Գիգլա Օտխոզորիան մայիսի 19-ին սպանվել էր վրաց-աբխազական սահմանին: Աբխազիայի զինվորական դատախազությունը միտումնավոր սպանության հատկանիշներով գործ է հարուցել աբխազիացի սահմանապահի դեմ: Գերատեսչության տվյալներով, աբխազիացի սահամանպահի եւ Վրաստանի քաղաքացու միջեւ վեճ է ծագել այն բանից հետո, երբ Օտխոզորիային փաստաթղթերի թերիության պատճառով թույլ չի տրվել մուտք գործել Աբխազիա: Սկսվել է ծեծկռտուք, որը տեղափոխվել է սահմանի վրացական հատված, որտեղ էլ Օտխոզորիան գնդակահարվել է:

Վրաստանի ԱԳՆ-ը միջադեպի առիթով հանդես է եկել ռուսական կողմին քննադատող հայտարարությամբ, իսկ Վրաստանի Գլխավոր դատախազությունը սկսել է քրեական հետապնդում սպանության գործով անցնող աբխազիացի սահմանապահ Ռաշիդ Կանջիօղլիի նկատմամբ:

Վրաստանի ՆԳՆ-ի եւ ԱԳՆ-ի հայտարարությունները Մոսկվան անպատասխան չէր թողել: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատասխանի մեջ նշվում է, որ Թբիլիսին փորձում է շահարկել իր քաղաքացու մահը՝ «ռուսական օկուպացիայի» թեման առաջ քաշելու եւ շրջանառելու համար: «Թբիլիսին գիտի, որ ոչ սահմանապահները, ոչ ռուսաստանյան այլ ներկայացուցիչներ կապ չեն ունեցել տեղի ունեցածի հետ», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: