Բադասյանը ճապոնացի իր գործընկերոջը ներկայացել է հայ ռազմագերիների վերադարձի խնդիրները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավային։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ճապոնացի պաշտոնակցին Կոնգրեսին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան շատ նմանություններ ունեն՝ հին քաղաքակրթություն, հարուստ մշակույթ և նորարար ոգի: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ճապոնիայի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաև Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնությունը։ Հայաստանի արդարադատության նախարարը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ «Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:
Նախարար Կամիկավան իր հերթին շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին նախարար Բադասյանի ղեկավարած պատվիրակության մասնակցության համար։ Կամիկավան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու այն։ Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում հաստատված Կիոտոյի հռչակագիրը պետությունների համար կլինի իրավունքի գերակայությունն ամրապնդող ուղենիշը և հավաստիացրել, որ, որպես Կոնգրեսը նախագահող երկիր, Ճապոնիան շարունակելու է նպաստել իրավունքի գերակայության արմատավորմանը։
Այնուհետև, նախարարները փոխանակվել են մտքերով և ընդգծել, որ բարձր մակարդակի փոխադարձ շփումները լավ հենք են երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։