Արա Այվազյանն ու Օլիվեր Վարհեիին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվեց Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման իրագործման հրամայականը։