23.11.2024
ԱԽ-ն նախագահին առաջարկում է բավարարել ԳՇ պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը
prev Նախորդ նորություն

Ճշմարտությունը վերականգնվեց. Կրեմլում գոհ են «Իսկանդեր»-ի մասով Փաշինյանի պարզաբանումից

Կրեմլին գոհացրել է Երևանի հայտարարությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ ինքը սխալ է տեղեկացվել «Իսկանդեր»-ի հարցի վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Անցյալ շաբաթ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություն էր արել Արցախում վերջին պատերազմի ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթելու» կամ «10%-ով պայթելու»  մասին: Նա այսպես էր արձագանքել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հայ զինվորականները կարող էին օգտագործել Իսկանդերը ռազմական գործողությունների հենց սկզբում:


Սակայն այսօր Փաշինյանի խոսնակը պարզաբանեց, որ Պուտինը և Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը և «առկա փաստերն ու տեղեկությունները համեմատելու արդյունքում Հայաստանի վարչապետը եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ է հաղորդվել այս իրավիճակի մասին»:


«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվեց», - ասել է Պեսկովը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ բանակի ղեկավարությունը՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը:


Փաշինյանը դա որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ և նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն: Իր հերթին, նախագահն  առարկություններով հետ ուղարկեց այդ առաջարկությունը: Նույն օրը Փաշինյանը կրկին նախագիծը վերադարձրեց նախագահին, որը կա՛մ պետք է ստորագրի այն, կա՛մ երեք օրվա ընթացքում ուղարկի Սահմանադրական դատարան քննարկմանը: