Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյան
Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։ Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու "Լույս" խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
"Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության և բացասական լիցքերի պարպման, իրենք որևէ զիջման պատրաստ չեն։
Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը",- գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ավելի վաղ Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել ղալմաղալը ներքաղաքական դաշտում ու բանակի դեմ սանձազերծած գործընթացները, հուշագիր ստորագրել, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրում, ստանձնել խորհրդարանն անցնցում ցրելու պատասխանատվությունը և գնալ արտահերթ ԱԺ ընտրությունների: