24.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Խաչատրյանների ընտանիքից. հայտարարություն

Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից՝ պատիվն ու արժանապատվությանը արատավորողարտա հայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը: Այդ մասին ասվաշ է Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարության մեջ:


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց։


Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ (մեջբերում).


«վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող էջում, գրառում կատարել հետևյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում:


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում»։


Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:


Հիշեցնենք, որ Խաչատրյանները 2018թ.-ից ի վեր ենթարկվում են հետապնդումների, որոնք դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ազատ տնտեսական գործունեության խթանմամբ զբաղվող տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ՝ արձանագրելով ապօրինություններ հանրային ու վարչական ճնշումների և տնտեսական գործունեության խոչընդոտման տեսքով, որոնք ուղեկցվել են ապօրինի արգելանքների և այլ միջամտությունների ձևով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միջանկյալ միջոց է կիրառել և շարունակում է Խաչատրյանի գործով քննությունը` ներառյալ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կիրառման, խտրականության և քաղաքական հետապնդումների հետ կապված»։