Թեև իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատրաստ են անցկացնել արտահերթ ընտրություններ, բայց ակնհայտ է, որ դա իրենց համար բավականին լուրջ մարտահրավեր է, քանի որ այսօր 90-ականները չեն, Տիգրան Մուկուչյանին դժվար թե հաջողվի նման «նկարչություն» անել՝ բոլորի մոտ կան սմարթֆոններ, ընդդիմությունն ունենալու է իր մարդկանց հանձնաժողովներում, իսկ վարչական ռեսուրսը լիովին քեզ չի աջակցում: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հրավիրած «Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը. առանձնահատկությունները և հնարավոր ելքերը» քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը:
Նրա խոսքով, պետական համակարգը չի ենթարկվում Փաշինյանին, անգամ ոստիկանությունը, ինչը տեսանելի դարձավ սյունիքյան դեպքերի ժամանակ, երբ ոստիկանությունը ճանապարհը չբացեց: Բոլորն էլ հասկանում էին, որ այդ դեպքում լրջագույն խնդիրները ու բախումները անխուսափելի կլինեին և իրավիճակը ավելի կսրվեր, քան Եռաբլուրում եղավ:
«Փաշինյանը գնալով մնում է ավելի ու ավելի միայնակ: Անգամ այսպես կոչված սորոսական թևն է քննադատում, տեղ-տեղ պահանջում Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների պահանջ առաջ քաշում՝ այդպիսով փորձելով ապահովել պլացդարմ ապագայի համար, որպեսզի հաջորդ իշխանության ժամանակ էլ նրանք տեղ ունենան ասելու, թե դեմ են եղել այս ամենին»,- ասաց վերլուծաբանը:
Քաղաքական գործընթացների ֆոնին, ասաց նա, հարկ է չմոռանալ, որ մենք այսօր ոչ միայն քաղաքական խորը ճգնաժամի մեջ ենք, այլև սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամում, իսկ եթե այդ իրավիճակը բերի սոցիալական բունտի, ապա պետությունը ուղղակի անդունդի մեջ կհայտնվի:
«Եթե խելացի ու ադեկվատ մարդ լիներ իշխանության ղեկին, ապա նա վաղուց արդեն հրաժարական էր տվել, բայց այս մարդը չի ուզում գնալ այդ քայլին և չի էլ պատրաստվում: Այս պայմաններում երկիրը երկար չի կարող գոյատևել, իսկ եթե նրան հաջողվի մնալ, ապա դա երկրի ագոնիան կլինի: Նոր հասարակական պահանջ է հարկավոր, որպեսզի գտնվեն միջոցներ, ռեսուրսներ այդ խնդիրները լուծելու համար: Մեզ սպասվում են ծանր ժամանակներ, բայց եթե նա գնա, ապա պետք է հույս ունենանք, որ գոնե երկու-երեք տարի հետո իրավիճակը կհաջողվի բարելավել ու երկիրը դուրս բերել այդ անդունդից»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն թեզին, թե այս ամենը Ռուսաստանի և Թուրքիայի գաղտնի պայմանավորվածության արդյունք է, բանախոսը նշեց, որ 2020 թվականը մեզ հիշեցրեց 1920 թվականը, երբ տեղի ունեցավ Լենին-Աթաթուրք գործարքը, բայց դա տեղի ունեցավ մեր իշխանությունների անհեռանկար քաղաքականության արդյունքում: Իսկ կոնկրետ այսօր նման խնդիր չկա.
«Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը գործարքի է գնացել Թուրքիայի հետ, քանի որ բոլորս էլ գիտենք՝ այդ մասին հայտարարեց նաև Պուտինը, պատերազմի ընթացքում հայկական կողմին շատ շահեկան առաջարկներ են արվել, սակայն Փաշինյանը հրաժարվել է դրանցից: Լենա Նազարյանը փորձեց դա բացատրել, ըստ իսկ իր մեջ ցինիզմ պարունակող արտահայտությամբ, թե հրաժարվել են խուսափելով դավաճանի պիտակից: Սա, կրկնում եմ, շատ ցինիկ մոտեցում է, որը ցույց է տալիս, որ քաղաքական ապագա ունենալու համար մեր իշխանությունը զոհաբերեց թե՛ Ացախը, թե՛ հազարավոր կյանքեր: Չմոռանանք նաև այդ օրերին արտաքին ֆոնը՝ մի քանի օրից Վաշինգտոնում պետք է տեղի ունենային բանակցություններ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ և գուցե մեր իշխանությունը հույս ուներ, որ Արևմուտքը կօգնի: Բայց ես դա ասել ու կրկնում եմ՝Պուտինը կամ Թրամփը պարտավոր չէին ավելին սիրել ՀՀ-ն ու Արցախը, մենք պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեինք, որ նման գործարք ուղղակի տեղի չունենար»,- ասաց նա:
Հայկ Խալաթյանը շեշտեց՝ մենք պետք է վերլուծենք մեր սխալները, որոնք բազում էին ու ճակատագրական, իսկ այն մարդիկ, որոնք այսքան կույր էին ու այսքան ճակատագրական սխալներ են գործել, ուղղակի իրավունք չունեն մնալու իշխանության: