Վերադարձրեք մեր երեխաներին. գերիների հարազատները փակել են Երեւան-Գյումրի մայրուղին
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Շիրակի մարզում բնակիչները փակել են Երեւան-Գյումրի մայրուղին։ Նրանք պահանջում են տեղեկություններ տրամադրել Արցախում գերիների և անհայտ կորածների մասին։
Շիրակի գերեվարված բնակիչներից մեկի հայրը նշել է, որ իր որդուն դաստիարակել է 18 տարի, հետո բանակ է ուղարկել, իսկ հիմա «թող վերադարձնեն, վերադարձնեն մեր բոլոր երեխաներին»։
Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները նույնպես փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը (Երևան-Արթիկ)՝ պահանջելով լուծել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում գերեվարված կամ անհայտ կորած շիրակցիների հարցը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան չպարզված հանգամանքներում խզվել է կապը Խին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի հետ:
Նշվում էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում՝ պարզելու, թե արդյոք հայ զինծառայողները գերի են ընկել:
Դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում 73 զինծառայողի մասին տեղեկություններ չկան: