Դրամի փոխարժեքը կայունացնելու համար ԿԲ-ի միջամտության անհրաժեշտություն չկա. թեկնածու
Ամբողջ աշխարհում նկատվում են ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացման միտումներ, ինչը, բնականաբար, անդրադառնում է նաև Հայաստանի արժութային շուկայում։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խորհրդարանում հայտարարել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու, ԿԲ գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանը։
Նրա խոսքով, չնայած աշխարհում դոլարի փոխարժեքի ամրապնդման միտման առկայությանը, դրամի փոխարժեքի անկման հիմնական պատճառը Հայաստանում անորոշության բարձր մակարդակ ունենալն է: «Կենտրոնական բանկը հետևում է իրավիճակին, բայց դրամի փոխարժեքի վերահսկումը չի մտնում, ինչպես գիտեք, ԿԲ հիմնական գործառույթների մեջ։ Մեր առաջնահերթությունները ֆինանսական կայուն եւ գների կայունության ապահովումն են։ Այն դեպքերում, երբ փոխարժեքի տատանումները, մեր գնահատականներով, կարող են հանգեցնել գների անկայունության կամ ֆինանսական անկայունության, մենք կիրառում ենք մեր տրամադրության տակ եղած մեխանիզմների ողջ զինանոցը», - հայտարարել է Նահապետյանը։
Դրամի փոխարժեքի ներկայիս իրավիճակը Նահապետյանը "կառավարելի"է համարել։ «Դրամի փոխարժեքի փոքր շեղում է նկատվում երկրում անորոշությունների առկայության պատճառով։ Հաջորդ երեքշաբթի տեղի կունենա ԿԲ խորհրդի հերթական նիստը, որտեղ կքննարկվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մեր վերլուծական խումբն այժմ ակտիվորեն աշխատում է այդ հարցի շուրջ։ Կարծում եմ՝ մինչև երեքշաբթի ԿԲ-ի վերջնական վերլուծությունը կպատրաստվի։ Եթե պարզվի, որ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա, մենք կօգտագործենք մեր ամբողջ զինանոցը», - ասել է նա։
Նահապետյանը վստահ է, որ անորոշությունները վերացնելու դեպքում դրամի փոխարժեքն արագ կվերադառնա համարժեք շուկայական մակարդակին: «Անձամբ ես այս փուլում կենտրոնական բանկի ակտիվ միջամտության անհրաժեշտություն չեմ տեսնում», - հայտարարել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն: