24.11.2024
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Միայն Փաշինյանի հեռացումով հնարավորություն կունենանք փրկել մեր հայրենիքը. հանրահավաք

Մենք այս իշխանություններին ո՞նց կարող ենք վստահել, իրենք հողատու, դավաճան, երկիրը անդունդի եզրին հասցրած իշխանություն են: Այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովդի դիմաց հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:


Նրա խոսքով, Ազգային ժողովն այսօր հարց ու պատասխանի ժամանակ չունի, խորհրդարանը պետք է մեկ օրակագի շուրջ նիստ անի եւ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։ «Այդ պահանջով ենք մենք այստեղ», - հայտարարեց նա՝ հավելելով, որ սա անհնազանդություն է: «« Նիկոլ, հեռացիր» կոչը միայն կոչ չէ, այլ հայ ժողովրդի պահանջն է։ Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք հնարավորություն կունենանք փրկել մեր հայրենիքը»,- ասաց նա։


Նա նաև հայտնեց, որ քննարկումներ են ընթանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, որը չի միացել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուի միջոցով համատեղ պայքարին: «Երեկ երեկոյան հանդիպել ենք ԼՀԿ-ի հետ, դեռ չենք մեկնաբանում հանդիպման արդյունքները, քննարկումները շարունակվում են, կարծում եմ արդյունք կունենանք», - հայտարարեց Սաղաթելյանը։


Նշենք, որ հանրահավաքի ընթացքում ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հրաժարականի վերաբերյալ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ասաց, որ հրաժարականը պահանջող ուժերը ցանկանում են «Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն»:


Նա նշեց, որ այդ քաղաքական ուժերն առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, չունի հենարան խորհրդարանում եւ, նույնիսկ, հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը:


«Պայման է դրվում, որ այդ թեկնածուն ընտրություններին պետք է ընդհանրապես չմասնակցի, հետեւաբար՝ եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն եւ նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի լեգիտիմության որեւէ աղբյուր, ո՞ւմ է պատկանելու այդ իրավիճակում իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել-հասցրել են այդ կարգավիճակին: Այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասվում է, վերականգվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Հիշեցնենք, որ նախօրեին շարժումը սկսեց անհնազանդության ակցիաների շարքը, երբ լրացավ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակը։ Քաղաքացիները կեսօրից հետո փողոցներ էին փակել Երեւանում, ինչպես նաեւ մարզային մի շարք քաղաքներում։


Փաշինյանի հրաժարականը պահանջում են Հայաստանի բոլոր նախկին նախագահները, ինչպես նաև գործող նախագահ Արմեն Սարգսյանը: Նույն պահանջով ուղերձ է հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: