Իշխող դաշինքում չեն գիտակցում ներկայիս ազգային աղետի մասշտաբները, ԲՀԿ
Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը վրդովված մարդկանց հանդարտեցնել փորձում էին միայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, իշխող դաշինքի պատգամավորները գոլորշիացան։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նա նշեց, որ այսօր ԱԺ փոխխոսնակը ԲՀԿ-ականներին մեղադրել է կառավարության շենքի վրա հարձակմանը մասնակցելու համար, որ ակցիայի մասնակիցներին ուղղորդել են իրենց գործողությունների ընթացքում: Սակայն, շարունակեց պատգամավորը, հրապարակված տեսանյութերը վկայում են միայն այն մասին, որ ԲՀԿ-ականներն ընդհակառակը փորձում են հանդարտեցնել հավաքվածներին։
Աբովյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԺ փոխնախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է տեսանյութեր, որոնցում սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչում ընդդիմության հասցեին: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Ընդդիմախոսների հասցեին սպառնալիքներ են հնչում, նրանց դեմ ֆեյքային բանակներ են ուղղվում, գրեթե բոլոր ընդդիմադիրների դեմ գործեր են «կարվում»։ «Ինչի՞ համար եք մեզ սպառնում։ Որովհետեւ մենք հայտարարում ենք Արցախը հանձնելու անընդունելիության մասին: Հա՞"- վրդովվեց Աբովյանը։
ԲՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ, ցավոք, իշխող դաշինքում չեն գիտակցում ներկայիս ազգային աղետի մասշտաբները: «Հասկացեք, որ դուք ի վիճակի չեք վարել այն հետագա գործընթացները, որոնք դեռ սպասվում են», - հայտարարեց պատգամավորը: