Տալ գնահատական կատարվածին, Փաշինյանի քայլերին, կանխել քաղաքացիական պատերազմը. Ղուկասյան
"Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
"Ստեղծված օրհասական իրավիճակում ես, որպես ՀՀ քաղաքացի և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, պարտավորված եմ հայտարարել հետևյալը.
Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված և հայկական պետականության գոյությունը հարցականի տակ դնող այս խայտառակ, հակահայ փաստաթուղթը չի կարող իրավական որևէ ուժ ունենալ, քանզի այն ստորագրվել է հայ ժողովրդից, հանրությունից թաքուն, առանց որևէ մեկի կարծիքը լսելու, ու որոշումը կայացվել է առանց քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ խորհրդակցելու:
Անհրաժեշտ է անցկացնել քաղաքական խորհրդակցություններ քաղաքական բոլոր ուժերի հետ, որպես արդյունք հստակ գնահատական տալ կատարվածին, ինչպես նաև նախաշնել այս ճակատագրական ճգնաժամից դուրս գալու ուղիներ:
Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն միահամուռ ու հստակ գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը, որը հստակ ուրվագծվում է, հատկապես երկրի վարչապետի պաշտոնը դեռևս պահող անձի վերջին հայտարարությունների ֆոնին":