23.11.2024
Առաջիկայում մտածում եմ հանրահավաք կազմակերպելու մասին. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ստիպված էինք. Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչպես է կայացվել ծանր որոշումը

Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ, թե պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել կայացնել: Այս մասին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


Նա թվարկեց, թե ինչ է կորցրել հայկական կողմը անցած 43 օր մարտական գործողությունների արդյունքում՝  Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին:


«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք ավելի շատ զոհեր, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով: Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով",- հայտարարեց նա:


Հարությունյանը նշեց, որ մի քանի օր հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից հակաօդային ուժերի միջոցով, բայց վերջին երկու օրը հակառակորդին գուցե նոր տեխնոլոգիաների կամ նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին:


"Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում եւ այդ բոլոր կորուստները անօդաչուներով",- ասաց նա:


Ըստ նրա, բոլորը պետք է պատասխան տան, բոլորին, ովքեր վերջին տասնամյակներում պաշտոններ են զբաղեցրել, պետք է գնահատական տրվի : Այդ թվում գնահատական պետք է տրվի բանակի վիճակի առումով:


"Զորքի բարոյահոգեբանական վիճակը  լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում 43 օր գտնվում էր առաջնագծում, չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Եվ այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ուժերի: Մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում: Թուրք զինվորականների մասնակցությունը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների դեմ կռում էր հայ կամավորն ու հայ զինվորը",- ասաց նա՝ ավելացնելով, որ խոնարհվում է հայ զինվորների առջև, խոնարհվում զոհերի հարազատների առջեւ:


"Մենք ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինծառայող զինվորների կյանքը փրկեինք: Իհարկե, կարող ենք ասել, թե ինչու ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից. կոչ եմ արել Աղդամից, հիշեցնելով, որ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի 28-ին Շուշիից, Ղազանչեցոց եկեղեցու առջեւ ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում էր 5 կմ հեռավորության վրա: Վիճում էին՝ Շուշին մեջ ձեռքին է, թե ոչ, բայց մենք Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած մարդկային ու զինտեխնիկայի ռեսուրսներով, որը կար: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց դա հնարավոր չէր":


Ըստ Արայիկ Հարությունյանի, ամեն ինչ առջեւում է.


"Արցախը, Հայաստանը, հայ ազգը շատ ծանր օրեր ենք ունեցել, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել, հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալ եւ հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Ամենամեծ մեր հակառակորդը եղել է խպառակտումն ու խուճապը",- հավելեց Հարությունյանը: