29.03.2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՄ-ն կտրամադրի ավելի քան 35 մլն եվրո դրամաշնորհ՝ ՀՀ-ում համավարակի հետևանքների չեզոքացմանը

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։


Տրամադրված աջակցության վերաբերյալ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում է կառավարության պաշտոնական կայքը. 


"Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ​​ֆինանսական կառավարման և պետական ​բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:


Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:


Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական և սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների և եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին և տնտեսավարողներին օժանդակությանը:


«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների լուծմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսևորումն է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը», նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում ՔՈՎԻԴ -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի և իր քաղաքացիների կուռ նվիրվածության ևս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար և տնտեսական հետևանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ․ Անդրեա Վիկտորինը։


ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։ Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները` աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին":


 


 

Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի, Թաղավարդի ուղղությամբ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար