Կառավարությունը կավելացնի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական աջակցության ծավալները
Հայաստանի կառավարությունը 2021 թվականին կավելացնի գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական աջակցության ծավալները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, ընթացիկ տարում ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական աջակցության ծրագրերի համար հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, եւ այդ ծրագրերը շարունակական կլինեն: 2021 թվականին ոլորտի ֆինանսական աջակցության ծավալները կավելանան և կկազմեն 31,2 մլրդ դրամ։ Ծրագրերի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության և մրցունակության բարձրացումն է։
Նախարարը նշել է այն հիմնական ծրագրերը, որոնց ֆինանսավորմանը կուղղվեն կառավարական միջոցները։ Մասնավորապես, կառավարությունը մտադիր է համաֆինանսավորել բարձր արտադրողականության այգիների եւ անասունների բուծումը, կաթիլային ոռոգման համակարգերի ձեռքբերումը, ժամանակակից «խելացի» անասնագոմերի կառուցումը:
Կառավարությունը նախատեսում է համաֆինանսավորել եղանակային ռիսկերից ապահովագրության գծով ապահովագրական վճարների 60 տոկոսը, սուբսիդավորել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման վարկերի տոկոսավճարները: