27.11.2024
Ջասթին Թրյուդոն ու Էմանուել Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Մոսկվային անհասկանալի է Լավրովի խոսքերին Ալիևի էմոցիոնալ արձագանքը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։


«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը», - ասել է գործակալության զրուցակիցը: - Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ որևէ նյութ են ցույց տվել, կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը»:


«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում», - ասել է նա: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը»։


«Ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ ոչ Ադրբեջանի, ոչ էլ որեւէ այլ երկրի հասցեին կշտամբանքներ չկան»,-շարունակել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: - Խոսքը Անդրկովկասի տարածաշրջան վարձկանների հայտնվելու վերաբերյալ մեր խիստ մտահոգության մասին է, որի հետ ՌԴ-ն անմիջականորեն հարևան է։ Այդ կապակցությամբ մեր ադրբեջանցի ընկերներին կխնդրեինք ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս»։


Գործակալության զրուցակիցը նշել է, որ Մոսկվան միշտ առավելագույնս զգուշորեն է մոտեցել միջնորդի իր դերին Ռուսաստանի մերձակա երկրների համար խիստ զգայուն հակամարտությունում: «Այդ մասին նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է ինքը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Անդրկովկասում վարձկանների ներթափանցումը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,-ամփոփել է զրուցակիցը։


Ավելի վաղ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը, հայտարարել էր, որ անկեղծորեն ափսոսում է, որ «երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործում են ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրամադրված մանդատի հիման վրա», օգտվում են իրենց հաստատումը չգտած տեղեկատվությունից: Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը «վարձկաններ չունի, Չկա ոչ մի ապացույց, որ Ադրբեջանի կողմից մարտնչում է որեւէ օտարերկրյա մարտիկ»: