Կարող է ձևավորվել ահաբեկչական անկլավ. Զախարովան՝ Ղարաբաղ տեղափոխվող ջիհադականների մասին
Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Մերձավոր Արեւելքից, որոնք, ինչպես մենք արդեն ասել ենք, թաթախված են արյան մեջ, տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, - ասել է նա: - Խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ մտահոգություններ չառաջացնել, քանի որ հեռանկարում իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ այժմ արդեն Անդրկովկասում»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մերձավոր Արեւելքից վարձկանների թիվը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մոտենում է երկու հազարի:
Այդ հայտարարությանը բավականին կոշտ էր արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների բարձրաստճան պաշտոնյաներն «օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից»:
Իր հերթին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հավաստիացրել է, որ Ղարաբաղում մարտական գործողությունների համար Ադրբեջանի ներգրաված վարձկանների կեսից ավելին արդեն ոչնչացվել է:
Նոյեմբերի 2-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայացրել է Սիրիայից զինյալներին Ադրբեջան տեղափոխելու երթուղին: Նրանք առանց որևէ փաստաթղթի հատել են Թուրքիայի սահմանը և թուրք զինվորականների ուղեկցությամբ նստել են դեպի Ադրբեջան չվերթներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռներ։
Ադրբեջան ժամանած առնվազն երկու վարձկաններ ձերբակալվել են հայ զինծառայողների կողմից: Նրանցից մեկը հայտարարել է, որ Ղարաբաղում «անհավատների» դեմ պատերազմին մասնակցելու համար իրեն ամսական 2000 դոլար են խոստացել, իսկ բացի այդ՝ 100-ական դոլար՝ «անհավատի» յուրաքանչյուր կտրած գլխի համար։