Թշնամական 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում. Փաշինյան
Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը", - ասված է նրա գրառման մեջ:
VERELQ-ը գրել է, որ ՀՀ օդային տարածքում այսօր երեկոյան աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը:
Երևանի որոշ վարչական շրջաններում և մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Աբովյան քաղաքում լսվել են պայթյունների ձայներ: Մարդկիկ անհանգստացած գրառումներ էին կատարում ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ հարցնելով, թե ինչ պայթյունների ձայներ են լսվում:
Նրանք նաև հայտնել են, որ մինչ այդ օդում երևացել են ինքնաթիռներ, որից հետո գործի է դրվել ՀՕՊ համակարգերը։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շտապեց տեղեկացնել, որ դրանք պայթյուններ չեն, այլ ՀՕՊ համակարգի հրթիռների ձայներն են: «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում»,- նշել է նա։
Այնուհետև ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մանրամասնեց. «ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»։
Մինչ այդ ՊՆ-ն հայտնել էր, որ հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
"ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն", - ասված է հայտարարության մեջ։