Այս որոշումը հեշտ չի տրվել. Գայանե Աբրահամյան
Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ՝ պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց՝ խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։
Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։
Տարիներ շարունակ լրագրողական եւ հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման եւ օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր։
Օրենսդիրում աշխատանքիս 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի եւ խորհրդարանական գործընկերներիս հետ դժվարին, սակայն չափազանց կարեւոր եւ արդյունավետ ճանապարհ ենք անցել, որի համար շնորհակալ եմ բոլորին։
Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների եւ բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարեւորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է եւ հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով։
Մեր երկրի եւ ժողովրդի շահերը առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իմ պատգամավորական գործունեության հիմնական առանցքը։ Որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար ջանք չեմ խնայել Եվրոպական միության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման եւ առաջխաղացման համար, որոնց ուղղությամբ, ըստ իս, արձանագրել եմ կարեւոր ձեռքբերումներ։
Շնորհակալ եմ մեր պետության այս կարեւորագույն շրջանում ինձ տրված քվեի եւ վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»,- գրել է նա Facebook-ի իր էջում: