23.11.2024
Կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների համար. Պետդեպ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի Ծառուկյանին մեղադրել հետքայլ կատարելու մեջ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ականները հետևողականորեն չեն ցանկանում նշել, թե երբ է տեղի ունենալու իրենց առաջնորդի հայտարարած մեծ հանրահավաքը, որովհետև իրենք էլ որևէ հստակ բան չգիտեն: Նրանք ընդամենը ենթադրում են, որ հանրահավաքի մասին հայտարարվել է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի Ծառուկյանին մեղադրել հետքայլ կատարելու մեջ: Իսկ թե հանրահավաքը երբ է լինելու կամ ինչ օրակարգով, դա արդեն ոչ մի նշանակություն չունի»:


«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։ Ծառուկյանը խոսում է հիմնականում երկրի տնտեսական վիճակի մասին, սակայն հասցեական հրաժարականներին դեռ չի անդրադառնում։ Իշխանության անդորրը մի պահ խռովվեց, երբ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, թե հանրահավաք է անելու։ Բոլորն անցան գործի, հակադարձեցին ու համարյա «թող անի, տեսնենք» հանգով խոսքուզրույցն ավարտեցին։ Ի վերջո, իշխանությունն ունի առավել քան հզոր զենք՝ կարանտինը, որը մահակ է ցանկացած ընդդիմադիր ուժի գլխին, քանի որ զանգվածային հավաքներին կարող է մեկ ժամում վերջ դնել։  Սակայն անկախ իրողությունից, թե իշխանությունն ինչպես կարձագանքի ընդդիմադիրների գործունեությանը (յուրաքանչյուր իշխանություն իր մեթոդներն ու ձեւերն ունի ընդդիմադիրներին լռեցնելու), շատ ավելի կարեւոր է, թե ինչ է իրականում ուզում ընդդիմությունն ու ինչ մեթոդներով է փորձում իր նպատակին հասնել։ 


Հանրահավաքն ինքնանպատակ չի լինում։ Եթե ելույթների ու շեշտադրումների տրամաբանությունը լինելու է այն, ինչ վերջին շրջանում Ծառուկյանը տարբեր հանդիպումներին ասում է, նշանակում է քաղաքական առումով դա ոչինչ չտվող գործընթաց է։ Ավելին, եթե այդ ընթացքում պետք է նորից վերհաստատվի, թե ԲՀԿ-ն պահանջում է կառավարության 100-տոկոսանոց հրաժարական, նշանակում է էլի ոչինչ չասել։ Այդ ամենն արդեն հասարակությունը լսել է ու դեռ դրան միտված գործողություններ չի տեսել (գուցե ընդդիմության այս պահվածքը նաեւ արտակարգ դրությամբ էր թելադրված)։ Ավելին, ԲՀԿ-ականները հայտարարում են նաեւ, թե հանրահավաքի օրակարգ դեռ չունեն, ստացվում է՝ հանպատրաստից որեւէ թեմայի շու՞րջ է լինելու։ Այն, որ երկրում հազար ու մի խնդիր կա, ակնհայտ է, բայց դրանք բարձրաձայնելու համար պիտի ամեն անգամ հանրահավաքնե՞ր անել։ Հետո տեղի՞ն է արդյոք, որ խորհրդարանական ուժը ողջ կառավարության հրաժարականը պահանջի, բայց ընդամենը մեկ կամ երկու ոլորտին առնչվող թեմա ընտրի հանրահավաքի համար։ Այդ թեմաները մեծ հաջողությամբ խմբակցության անդամների ջանքերով երկրի թիվ մեկ ամբիոնից էլ կարելի է բարձրաձայնել։ Ի վերջո, եղած բոլոր խնդիրների թիվ մեկ պատասխանատուն երկրի վարչապետն է, հիմա Գագիկ Ծառուկանն իր հանրահավաքին ուղիղ հայտարարելո՞ւ է, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ կբավարարվի հերթապահ հայտարարություններով ու խնդիրները լոկ արձանագրելով։ Սրան հավելենք նաեւ, որ որպես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժ, ԲՀԿ-ն դեռ խորհրդարանական պայքարի բոլոր մեխանիզմները չի էլ սպառել, գուցե հենց այդտեղի՞ց պիտի սկսել կառավարության 100 տոկոսով հրաժարականի գործնական քայլերը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերեւների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։ Նախօրեին բավականին ներկայանալի պատվիրակությամբ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյան, փոխնախագահ Աննա Կարապետյան, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, Փաշինյանի աչք ու ականջ Արփի Դավոյան եւ այլք։ Փորձել են հասկանալ նրա քայլի պատճառները։ Թեպետ ոմանք վստահեցրին, որ նախաձեռնողը Ջուլֆալակյանն էր, սակայն մի քանիսը խոստովանեցին՝ «անկայուն» այս ժամանակներում չեն ուզում, որ խմբակցությունը ճաք տա։ Պատգամավորներից մեկն անգամ հետաքրքրվել է՝ իր քայլը կապ ունի՞ Ծառուկյանի հետ, հնարավո՞ր է հետո իրեն տեսնեն Ծառուկյանի կողքին։ Ջուլֆալակյանը դա բացառել է, ասել է, որ որևէ պարտավորվածություն չունի Ծառուկյանի նկատմամբ, ինչի հասել է, իր ուժերով է հասել։ Պնդել է, որ պատճառն Արայիկ Հարությունյանն է՝ չի կարող դիտորդի կարգավիճակում հետեւել, թե ինչպես է ոլորտը կործանվում։ Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արսենը տաղանդավոր մարզիկ եւ կիրթ պատգամավոր է, եւ ինքը հույսը չի կորցնում, որ նա կփոշմանի։ Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը կարող է դիմումը հետ վերցնել 7 օրվա ընթացքում, իսկ հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հրավիրել են հանդիպման իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը, սակայն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել: Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը հիմնականում ներկա են գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաեւ Հերիքնազ Տիգրանյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը եւ այլք: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Ջուլֆալակյանը եկել է փաստաթղթերով, ներկայացրել այն հիմքերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բոլոր գրությունները արհամարվել են, որեւէ կերպ չի արձագանքել իր նամակներին, ինչի համար էլ վերջինիս դիմել է նման քայլի: Ըստ պատգամավորների՝ Ջուլֆալակյանն ամեն ձեւով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել: Չնայած այն բանին, որ իմքայլականները ամեն կերպ փորձել են Ջուլֆալակյանին համոզել մանդատը վայր չդնել, միեւնույնն է, Ջուլֆալակյանը հայտնել է, որ ինքը որոշում է կայացրել, ավելին՝ նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում Ջուլֆալակյանը սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական անհանգիստ ու լարված իրավիճակ է տիրում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած պատգամավորները արտաքուստ փորձում են ոչինչ ցույց չտալ։ Ըստ էության, գնալով խորանում են տարաձայնությունները: Ընդ որում, թեմաները բավականին տարբեր ու խորքային են, իսկ հակասություններն առավել ընդգծված են ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերադասավորումների եւ ՍԴ դատավորների ընտրության հետ։ Սակայն այս հարցերի հետ կապված անհամաձայնությունները պայմանավորված չեն միայն ՍԴ դատավորների թեկնածություններով, որոնց հետ կապված՝ մինչեւ քննարկումն ու այսօր սպասվող քվեարկությունը խմբակցությունում բուռն բանավեճեր են եղել, այլ նաեւ ՍԴ ապագա նախագահի թեմայով։ Ըստ մեր աղբյուրների, խմբակցության ներսում մասնավորաբար զգալի թիվ են կազմում նրանք, որոնք համոզված են, որ ՍԴ նախագահի լավագույն թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, այլ ոչ թե Վահե Գրիգորյանը, որի հետ կապված իշխանության ներսում շատ լուրջ վերապահումներ կան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, սակայն «Իմ քայլը» երեկ նրա փառաբանման ցերեկույթ կազմակերպեց։ Հիշեցնենք․ հանձնաժողովն արձանագրել էր, որ վճռաբեկի նախագահի՝ տարբեր տարիների կայացրած վճիռները Հայաստանին նյութական մեծ վնասներ են հասցրել, ՄԻԵԴ-ը դրանք ճանաչել է ոչ օրինական եւ 300 հազար եվրոյից ավելի վնասի փոխհատուցում պարտադրել Հայաստանին։ Դա վատ է անդրադարձել մեր երկրի վարկանիշի վրա։ Նույնիսկ իշխանության համախոհ Արման Բաբաջանյանի կարծիքով, նման թեկնածուի գործուղումը ՍԴ լինելու է «ապտակ հեղափոխությանը», սակայն «Իմ քայլում» կարծում են, որ վահեգրիգորյանական խոսափողի տեսակետը չի կարող անկողմնակալ լինել։ Իսկ իշխանականները միայն փափուկ հարցեր էին տալիս, իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնիսկ նրան պաշտպանեց ընդդիմադիրների հարձակումներից եւ «կոռուպցիոներ» բնորոշումից՝ հորդորելով, որ քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում, պետք է ընդունել մարդու անմեղությունը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով։ Մեզ փոխանցեցին նաեւ, որ նոր «100 փաստ»-ի մեջ գլխավորապես ներառված եւ հանգամանալից ներկայացված են լինելու կորոնավիրուսային համավարակի շրջանում «հակահամաճարակային եւ հակաճգնաժամային միջոցառումների» շրջանակում իրականացված քայլերը։ Հանձնարարվել է հատուկ բացվածքով ներկայացնել, թե առանձին ոլորտներում ինչ կարգավորումներ ու աջակցություններ են տրամադրվել կառավարության կողմից, որպեսզի Փաշինյանն ասելիք ունենա։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, ասուլիսը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին այն հաշվարկով ու հույսով, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կհասնեն նվազագույնի, իսկ համավարակի երկրորդ ալիքը դեռեւս սկսված չի լինի»:


«Փաստ» թերթը գրում է. «Մասնագետներն ու փորձագիտական շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը, ինչը համարվում է «կարմիր գծի» վերին շեմը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու: Մասնավորաբար, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքել, ինչը դարձյալ ավելացնելու է պարտքը։ Տեղեկությունների համաձայն, վարկի առյուծի բաժինը (մոտ 150 մլն դոլար) հատկացվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4 հատվածին, որն ընդգրկում է Քաջարան-Ագարակ շուրջ 42 կմ հատվածը: Ի դեպ, պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս վարկային համաձայնագրի թեման նախատեսված է եղել կյանքի կոչել դեռեւս 2016-ի դեկտեմբերին, որն ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվել է, իսկ արդեն 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա էլ էր կասեցվել՝ կապված մի շարք դատական գործընթացների ու տարբեր քրեական պատմությունների հետ։ Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկա փուլում իշխանությունները նախատեսում են մոտ 4 տարվա վաղեմություն ունեցող վարկային գործընթացը վերսկսել։ Տեղեկության համաձայն, սա պայմանավորված է նաեւ տնտեսական առկա ծանր վիճակով. սա հնարավորություն կտա որոշակի գումար ներարկել տնտեսության մեջ՝ ինչ-որ ակտիվություն ապահովելու համար»:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից: Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն: «Իրատեսի» տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանը» ցույցին միանալու առաջարկով ո՛չ խորհրդարանական գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին» է դիմել, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ին կամ «Կամք» նախաձեռնությանը: «Որեւէ ուժի չենք դիմել, եթե միանան, ավելի ուրախ կլինենք: Իհարկե, հասկանում ենք, որ ՀՅԴ-ի ցույցերին մենք չենք միացել, հետեւաբար, գուցե այժմ էլ իրենք մեզ միանալու անհրաժեշտություն չտեսնեն, բայց կարծում ենք՝ հիմա ուժերը միավորելու ժամանակն է: Եթե ամսի 16-ին գան խորհրդարանի բակ, միայն ուրախ կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի եւ պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։ Բանն այն է, որ հուլիսի 16-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կապանի բաժնի պետ է նշանակել իր մտերիմին՝ երեւանցի Սենիկ Երանոսյանին, ով մինչ այդ էլ եղել է Սյունիքի պետը։ Կապանի պետ նշանակվելուն պես բաժնում մղձավանջ է սկսվել։ Ոստիկանների կարծիքով՝ «եկվորը» չի տիրապետել ոչ միայն Կապանի առանձնահատկություններին, այլեւ իր ոլորտին։ Շուտով լուրջ մշտական հակասություններ ու լարվածություն է առաջացել ոլորտից հասկացող տեղակալի ու նրա վերադասի միջեւ։ Միջանձնային լարվածությունը կաթվածահար է արել աշխատանքը, այնպես, որ ոստիկանապետը ստիպված է եղել ազատել աշխատանքից եւ ազատել է ոչ միայն իր նշանակած պետին, այլ նաեւ տեղակալին՝ Դավիթ Սուրենյանին։ Դրան հաջորդել են բաժնի ավելի քան տասը օպերների դիմումները․ նրանք հեռացել են ի աջակցություն Սուրենյանի՝ պահանջելով հետ բերել նրան։ Մեր աղբյուրի խոսքով, հիմա քաղաքում, ըստ էության, ոստիկանություն չկա՝ օպերատիվ գործողություններ չեն իրականացվում, քանի որ օպերլիազորներ չկան։ Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տրամադրեցին միայն հետեւյալը, որ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննության արդյունքում թե՛ պետը, թե՛ տեղակալն ազատվել են աշխատանքից՝ «ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու համար», թափուր պաշտոններն արդեն համալրվել են։ Սակայն օպերների մասով մեզ տեղեկություններ չհայտնեցին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում՝ ավելացնելով դրույթ, որը հնարավորություն կտա գերության մեջ գտնվող սպայի ընտանիքին ստանալ նրան հասանելիք աշխատավարձը: Բայց դա միայն այն դեպքում, եթե «անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ»: Նման լրացումը կարևոր է, քանի որ շատ դեպքերում գերության մեջ գտնվող սպայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր վիճակում՝ չունենալով եկամտի այլ աղբյուր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, և իշխանությունը չունի իրեն հնազանդ ծառայող հոգաբարձուների խորհուրդ: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ գործող 32 հոգանոց ՀԽ-ի փոխարեն կլինի 12 հոգանոց, որտեղ իշխանության կողմից նշանակված անդամները ավելի մեծ տեսակարար կշիռ կունենան, իսկ ուսանողներն անհամեմատ քիչ ներկայացվածություն: Այդ պայմաններում միայն գործող իշխանությունը կկարողանա ռեկտոր նշանակել իր դրածոյին, մինչդեռ ներկա ՀԽ կազմի պայմաններում իշխանությունը չի կարող անցկացնել իր դրածոյին»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից, շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։ Ուսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկ խնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետեւ, ասում են, նախարարությունը քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». պատժվելու է ոչ միայն ուսուցիչը, այլեւ` տնօրենը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ սաների ծնողներից։ Հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որտեղից, ի պատասխան մեր հարցմանը, նշեցին. «Պետական դպրոցներում երեխաների քանակը 36 է, իսկ մասնավոր դպրոցներում՝ մինչեւ 20 է հասնում նրանց թիվը։ Սա է պատճառը, որ մասնավոր դպրոցների սաներն ամեն օր հնարավորություն ունեն հաճախելու դպրոց»։ Բացի այս, նախարարությունից փոխանցեցին, որ ուսումնական պլանով ոչ պետական դպրոցների պարագայում նույնպես սահմանված է վեցօրյա ռեժիմ, որոշակի փոփոխություններ լինում են՝ պայմանավորված երկարօրյայի հետ։ Բայց ինչպես ասում են, ԿԳՄՍ-ն այս կազմակերպչական հարցում եւս թերացել է։ Թե ինչ քաոս է սպասվելու հանրակրթական ոլորտում, ցույց կտա ժամանակը»։


«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղեւորափոխադրում իրականացնող գազելներն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն եւ այնտեղ կայանումը։ Դրանք տեղափոխվեցին Երեւանի ծայրամասեր՝ նպաստելով մայրաքաղաքի երթեւեկության բարելավմանը։ Այն ժամանակ որոշ աղմուկ բարձրացավ, սակայն կյանքը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր. նախ՝ կենտրոնը ազատվեց տարատեսակ գազելներից, երթեւեկությունն էլ բավականին թեթեւացավ։ Սակայն նոր իշխանության օրոք կարգուկանոն ասվածը շատ խորթ հասկացություն է։ Յուրաքանչյուր ոլորտում պետք է անկառավարելի քաոս լինի, ու այս համատեքստում, իհարկե, շատ տրամաբանական է, որ գազելները պետք է վերադառնային ու ժամերով կանգնեին քաղաքի կենտրոնում։ Նույնն է նաեւ փողոցային առեւտրի վիճակը։ Դարձյալ Կարեն Կարապետյանի, հետագայում նաեւ Տարոն Մարգարյանի օրոք ազատվել էինք այդ ոչ հաճելի երեւույթից, այսօր, սակայն, մայթերին հակահիգիենիկ վիճակում՝ փոշու, տրանսպորտային արտանետումների ու աղբի մեջ, բարգավաճում է առեւտուրը. կողք կողքի վաճառվում են ձուկը, միրգը, բանջարեղենը, պանիրն ու կանաչին։ Ունի՞ Երեւանի քաղաքապետարանը բացօթյա ապօրինի առեւտուրը վերացնելու կամք ու մեխանիզմներ. կյանքը ցույց է տալիս, որ ոչ»: