22.11.2024
Մամուլի տեսություն. «Հարավկովկասյան երկաթուղու» սնանկացման մասին լուրերը մտացածին են
prev Նախորդ նորություն

Իրանի «միջուկային հաշտեցման» արձագանքը. Ալիևը շտապ մեկնեց Սաուդյան Արաբիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում և արդեն հանդիպել է այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Ալիևի Էր-Ռիյադ կատարած այցը բավականին անսպասելի էր, եթե հաշվի առնենք, թե երբ է այն տեղի ունենում: Իրանական միջուկային ծրագրի շուրջ վեցնյակի և Թեհրանի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչը կարող է վերափոխել Մերձավոր և Միջին Արևելքում ուժերի բալանսը և նոր իրավիճակ ստեղծել էներգետիկ շուկայում:

Եթե Իրանը ձերբազատվում է պատժամիջոցներից, այդ երկրի գազն ու նավթը սկսում են մեծ դերակատարում ունենալ համաշխարհային շուկայում: Նշենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները տարիներ շարունակ բավականին լարված են եղել օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով: Իրանը գտնվում էր միջազգային ուժեղ պատժամիջոցների ներքո, իսկ Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Թեհրանի թիվ մեկ տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ գործընկերային հարաբերությունները և Թել-Ավիվի ու Բաքվի միջև ռազմա-տեխնիկական սերտ համագործակցությունը հանգեցնում էր պաշտոնական Թեհրանի դժգոհությանը: Բաքուն նաև խանդով էր վերաբերվում հայ-իրանական ռազմավարական հարաբերությունների խորացմանը և Թեհրանի՝ ղարաբաղյան հարցում հավասարակշռված դիրքորոշմանը:

Ադրբեջանա-իրանական հարաբերություններում թեժ կետերից էր նաև Բաքվից անընդհատ հնչող անհիմն պահանջները Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ: Մեծ Ադրբեջան ստեղծելու պանթյուրքսիտների և պանթուրանիստների ծրագրերը կարծես թե նոր կյանք են ստանում՝ այդ թվում դրսի ուժերի՝ Իսրայել, Թուրքիա, ԱՄՆ լուռ համաձայնությամբ կամ աջակցությամբ: Թույլ և անջատողական շարժումների վտանգի առջև կանգնած Իրանը բխում է այդ պետությունների ռազմավարական շահերից: Ի վերջո, ինչու էր շիական պետություն համարվող Ադրբեջանի նախագահը մեկնել Իրանի տարածաշրջանային հակառակորդ Սաուդյան Արաբիա այն էլ այսքան բարդ ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում լրջագույն փոփոխություններ են սպասվում: Սաուդյան Արաբիան, հանդիսանալով նավթ և գազ արտահանող խոշորագույն կենտրոնը, շատ հաճախ միանձնյա է որոշումը նավթի համաշխարհային գները, իսկ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը մեծ կախվածություն ունի նավթի գներից:

Չմոռանանք, որ նավթի գների տատանման պատճառով ադրբեջանական մանաթը վերջերս արժեզրկվեց և խուճապային տրամադրություններ էր ստեղծել այդ երկրում: Ադրբեջանի 2016թ.-ի բյուջեն հաշվարկված է մեկ բարելի համար 50 դոլարի գնի կանխատեսմամբ: Հավանաբար Ալիևը ցանկանում է Էր-Ռիյադում ներքին, ինսայդերական տեղեկատվություն ստանալ, թե Իրանից պատժամիջոցների վերացումից և իրանական նավթի ու գազը համաշխարհային շուկայում ավելի լայն ներկայացված լինելուց հետո ինչ է սպասվում նավթի համաշխարհային գներին և ինչպիսի դիրքորոշում որդեգրի Ադրբեջանը:

Չմոռանանք, որ չնայած Ադրբեջանում շիաները մեծամասնություն են կազմում, սակայն աշխարհաքաղաքական ուղղվածության առումով Ադրբեջանը ավելի սերտ հարաբերություններ է հաստատում սուննիական երկրների՝ Թուրքիայի, իսկ վերջերս էլ ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրվեց Պակիստանի հետ՝ այդ երկրի նախագահի Բաքու այցի ընթացքում: Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը հնարավոր է պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի նկատմամբ միասնական քաղաքականության իրականացման առումով՝ չնայած Արևմուտք-Իրան որոշակի ջերմացմանը սաուդիտները շարունակում են պայքարել տարածաշրջանում շիական, իրանական ազդեցության դեմ:

Դրա վառ ապացույցը Եմենին օդային հարվածներ են և շիա-հոուսիտների դեմ ակտիվ պայքարը: Էր-Ռիհադի և Թեհրանի տարածաշրջանային պայքարը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել՝ այն շարունակվում է հենց այս պահին Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում և Ադրբեջանի պարագայում նաև Հարավային Կովկասում: Սաուդյան Արաբիան, Իսրայելը և հավանաբար ԱՄՆ-ը կամ ամերիկյան իսթեբլիշմենթի նեոպահպանողական շրջանակները և հատուկ ծառայությունները ցանկանում են պահպանել հակաիրանական կոալիցիան կամ Իրանի ազդեցությունը զսպող երկրների շղթան, որը ձգվում է Իսրայելից, Թուրքիայով, Ադրբեջանով մինչև Պակիստան և Աֆղանստան, իսկ հարավում՝ Պարսից ծոցի արաբական երկրներով, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: Իսկ Պարսից ծոցի արաբական կոալիցիան շարունակում է ռմբակոծել Եմենն ու ստեղծել է սեփական միացյալ զինված ուժերը, որոնք շատ հաճախ անվանում են մինի-ՆԱՏՕ կամ արաբական ՆԱՏՕ:

Այսպիսով, Իրանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացման պայմաններում Ալիևը մեկնում է Սաուդյան Արաբիա բավականին շտապ և մինչ այդ չհայտարարված այցով: Իրանը հավանաբար հաշվի կառնի Ադրբեջանի այդ քայլը և եթե հակաիրանական կոալիցիան շարունակի գործել (իսկ դրանում կասկած լինել չի կարող, քանի որ պատժամիջոցները դեռևս չեն հանվել, իսկ վերջնական պայմանագիրը կնքվելու է ամռանը. մինչև այդ շատ բան կարող է փոխվել տարածաշրջանում), ապա Թեհրանը Ադրբեջանի սաուդամետ, թուրքամետ դիրքորոշման պատասխանը չի ուշացնի: Այս պայմաններում Իրանի պատասխան քայլերից մեկը կարող է լինել Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների սերտացումը՝ Հարավային Կովկասում Երևանի հետ իրականացնելով էներգետիկ-տրանսպորտային և այլ նախագծեր: