Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին մի որոշում կայացրեց, որը նախատեսում է, որ այսուհետ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, իսկ շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։ Սույն որոշումը, նշենք, ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:
Ավագանու այս որոշումը բուռն քննադատվեց, քանզի ստացվում է, որ փուչիկ, խաչմերուկներին անձեռոցիկ, անգամ արևածաղիկ վաճառող տատիները պարտադրված են լինելու գնել ՀԴՄ սարք ու առևտուրն իրականացնելիս տալ ՀԴՄ կտրոն: Ու, թերևս, առաջիկայում հարկ է սպասել կառավարության շենքի դիմաց նաև այս առևտրով զբաղվող անձանց, ովքեր կգան իրենց բողոքն արտահայտելու «հարկային այս տեռորից»:
Որոշմանն, ի դեպ, դեմ են քվեարկել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները՝ «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Վերջինիս անդամ Հռիփսիմե Առաքելյանը VERELQ-ի հետ զրույցում ևս քննադատեց նման քայլը, այն էլ այս փուլում, երբ իրավիճակը, մեղմ ասած, ծանր է, բայց երկրի իշխանությունները այն թեթևացնելու փոխարեն ավելի են ծանրացնում.
«Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ես գնահատում եմ ծանր, և այն գնահատականները, թե մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավվել է, այս փուլում նման բան անգամ լսելը իսկապես զավեշտալի է: Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ բարոյահոգեբանական վիճակում է հայտնվել երկիրը և դրանում շատ մեծ դերակատարում ունի նաև կորոնավիրուսը՝ ամիսներով տնտեսվարողներ, անհատ ձեռներեցներ չեն աշխատել և, բնականաբար, այս ամենը մաքսիմալ ձևով անդրադարձել է մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Ես որևէ կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե այսպիսի գործընթացի առկայության պարագայում ինչպե՞ս կարող է սոցիալական վիճակը երկրում լավանալ: Գումարած սրան, COVID-ի համաճարակի ժամանակ աշխարհի որևէ երկիր իր քաղաքացու հարկային բեռը չի ավելացրել, միայն Հայաստանը: Սա հնդկական կինոյի ժանրից է, թե ինչպես չի կարելի կառավարել: Ավելին՝ սա քրեստոմատիկ չկառավարման ցուցանիշ է, թե ինչպես չի կարելի ու պետք չէ աշխատել»,- ասաց Առաքելյանը, մասնավորապես անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության երեկվա նիստում հնչեցրած հայտարարություններին, թե՝ «սոցիալական խնդիրներ եղել են նաև 2019 թվականին, բայց սոցիալական կոլապս և սոցիակալան ճգնաժամ այս պահին միանշանակ չունենք»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում Հայաստանի կառավարությունը բարձրացրեց գույքահարկը՝ 10-20-ապատիկ արժեքով: Եվ այս «բարեփոխումը» շատ արագ իրականացվեց, քանի դեռ մարդիկ ուշքի չէին եկել կորոնավիրուսից: Բայց, ընդգծեց Առաքելյանը, ուղղակի անպատկերացնելի է, որ որևէ այլ երկրում, այս նույն փուլում, որևէ հարկատեսակի այսպիսի բարձրացում լիներ:
Նաև հիշատակեց նաև վերջին զարգացումները.
«Նույնը վերաբերում է Երևանի ավագանու գործունեությանը, թե ինչպես երեք օր առաջ բերվեց նախագիծ, որը բարձրացնում է շրջիկ առևտրի տուրքերը և ամենախայտառակը սրանում այն է, որ կոնկրետ փուչիկ վաճառող շրջիկ առևտրականը պետք է անպայման ունենա ՀԴՄ և միայն դրանով այսուհետ իրականացնի գործարքներ: Այս ամենը շատ ծիծաղելի է ինձ համար և անպիսի տպավորություն է, որ այս երկիրը չունի տեր, չունի քաղաքապետ, վարչապետ և մենք ինքնահոսի, ամեն մեկի մտքի փայլատակման և ամեն մեկի պահի տակ առաջ եկած երազանքի կամ պատկերացրած երկրի տեսլականի տրամադրությամբ կառավարում ենք երկիրը ու ձևավորում մեր օրակարգը: Բայց այս ամենը մեզ ոչ միայն առաջ չի տանում, այլև մենք գտնվում ենք անդունդի եզրին», - հավելեց Հռիփսիմե Առաքելյանը՝ նկատելով, որ դեռ իրավիճակի լավացման հույս, ցավոք, չունի: