23.11.2024
Արարատ Միրզոյանը` Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
prev Նախորդ նորություն

Վատթարացում կա, սոցիալական ճգնաժամ՝ չկա. Փաշինյան

Համաճարակն էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել, սակայն աներկբա է, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, սոցիալական ճգնաժամ չկա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Որպես հիմնավորում նա անդրադարձ կատարեց հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալներին, որոնք, ըստ վարչապետի, կարող են այդ մասին վկայել.


«Խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, որը շատ կոնկրետ գումար է: Այսինքն՝ այդ թվերը վերլուծությամբ չեն ստացվում, այլ կոնկրետ արված առևտրով և բաց թողնված հսկիչ դրամարկղային կտրոնով: 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ՝ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում նվազել է 2.5 տոկոսով: Ընդ որում՝ այսպիսի ցածր ցուցանիշի մենք նոր ենք հասել, որովհետև մարտից սկսած այդ ցուցանիշը բավական բարձր էր, հիմա նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, այո՛, իհարկե, անկասկած, որևէ կասկած չկա՝ սոցիալական խնդիրներ կան: Բայց սոցիալական խնդիրներ եղել են նաև 2019 թվականին, և մենք սոցիալական կոլապս և սոցիակալան ճգնաժամ չունենք միանշանակ»,- շեշտեց Փաշինյանը:


Թվարկելով մի շարք գործոններ՝ առևտուրը նվազել է, հարսանիքներ չեն արվում, զբոսաշրջիկներ չկան Հայաստանում, զվարճանքի ոլորտը գրեթե չի աշխատում և այլն, Փաշինյանն ասաց, որ, այդուհանդերձ,  Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, սոցիալական ճգնաժամ չկա:


«Իհարկե, սոցիալական և տնտեսական վիճակի վատթարացում կա և մենք աճը կորցրել ենք (հունվարին և փետրվարին մենք 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել): Բայց շատ կարևոր է այս փաստն արձանագրել: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ թե ինքնաբերաբար, այլ կառավարության վարած քաղաքականության շնորհիվ նաև, որովհետև հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163.4 մլրդ դրամ: Սա ոչ թե կառավարության կողմից ուղղակի ծախսված գումարն է, այլ միջոցառումների շրջանակում տնտեսություն ներարկված գումարը՝ 163.4 մլրդ դրամ երեկվա դրությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը: