Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:
Նրա խոսքով, օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր: «Ուստի այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ կառավարությունը փոփոխություն է իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված:
«Այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել», - ասաց նա՝ հավելելով, որ միայն Հայաստանում չէ տեղաշարժման տեսանկյունից սահմանափակումներով պայմանավորված բարդ իրավիճակ:
«Այսօր դեպի ԱՊՀ երկրներ շրջանառությունն ընդհանրապես փակ է: Եթե Ռուսաստանի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ իրավիճակը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնել այս հարցը:
«Պետք է փորձենք հասկանալ, թե ոնց եւի ինչ ժամանակցույցով ենք դուրս գալու այս իրավիճակից: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ձեւաչափով»,-ասաց նա:
Խոսելով ուղեւորափախադրումների եւ սահմանների բացման մասին՝ վարչապետն ասաց, որ սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան:
«Որքան հասկացա Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթները դեպի Հայաստան: Որքան հասկանում եմ, արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան», - նկատեց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ սետեմբերի 4-ին Ազգային ժողովը մեկ օրում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը, որով այսուհետեւ նախատեսվում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։
Ըստ ընդունված օրենդրական փաթեթի, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:
Փոփոխություններով նախատեսված են տուգանքներ, որոնք կկազմեն 10 հազար դրամից (մոտ 20 դոլար) մինչև 500 հազար դրամ (մոտ 1025 դոլար)։ Նախատեսված է տուգանքներին վերաբերող 11 կետ։