Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանն աջակցում է դատախազներին. փաստաբան
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանն աջակցում են դատախազներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Ցանկացած միջնորդություն որոշվում է դատախազների արտահայտած կարծիքին համապատասխան։ Կարելի է ասել, որ դատարանը նույնիսկ մեղադրողներից մեկն է դարձել», - ասաց նա։ Նրա խոսքով, պատկերը հետևյալն է.մի կողմից՝ փաստաբաններն ու պաշտպանյալները, մյուս կողմից՝ մեղադրողներն ու դատավորը։
Հայկ Ալումյանը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների դժգոհության և նիստերին չմասնակցելու որոշման մասին հարցին ի պատասխան ենթադրել է, որ գուցե այլ պատճառ ունեն, բայց իրենք առիթ են օգտագործում դատարանի վրա ճնշում գործադրելու:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2008թ.մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այլևս չեն մասնակցի դատական նիստերին։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նրա խոսքով, դատավարությունը վերածվել է ֆարսի, իսկ որոշ կառույցների կողմից նկատվում է վառ արտահայտված սաբոտաժ և հակազդեցություն իրական մեղավորներին բացահայտելու փորձերին: