«Մարտի 1-ի» գործը թողնվել է մեկ դատացվորի ուսերին, իսկ դատախազությունը չէր դրսեւորում բավարար կամք եւ ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նրա խոսքով, տուժողների իրավահաջորդները սեպտեմբերի 8-ից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը: «Դատախազության կողմից բավարար կամք և ջանադրություն չդրսևորելու հետևանքով առանձին դեմքեր հնարավորություն են ստանել խուսափելու քննությունից, կամ նրանց ընծայվել է, այսպես կոչված, հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից», - ասաց նա՝ նկատելով, որ քրեական հետապնդումները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու ուղղությամբ չեն ընթանում:
«Մարտի 1-ի» գործը մեկ դատավորի ուսերին թողնելը, նար խոսքով, այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է:
«Այժմ, երբ Մարտի 1-ի հիմնական գործի նախաքննությունը, ըստ էության, դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում եւ նիստերի դահլիճում տիրում է կամայականություն, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարծես միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ է կարողանում իրացնել, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը», - հայտարարեց է Տիգրան Եգորյանը։
«Մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողները կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց, և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց»:
Եգորյանի խոսքով՝ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ, ինչից օգտվեցին առանձին ուժեր, մինչդեռ, ըստ փաստաբանի, «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանալու են դատական և իրավական բարեփոխումների ցուցիչ և հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական վիճակը, շարժման ուղղությունը։
«Մենք շատ վրդովված ենք, ջղայնացած ենք, կատաղած ենք: Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական ներկայությունն այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը ըստ զարգացումների կտեսնեք: Այսքան բան ենք ուզում ասել, ոչ ավել»,- ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
2008 թ. մարտի 1-2 արյունալի իրադարձություններից զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, կոչ արեց գլխավոր դատախազին և մյուսներին ետ դառնալ գործին և շարունակել դրա բացահայտումը:
«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի, դրա համար ենք դադարեցնում: Մեք չենք ելնում իշխանության դեմ, հատկապես՝ Նիկոլի դեմ, այլ՝ իր նշանակած մարդկանց և որոնց հետ ինքն աշխատում է․ նրանք անգործության են մատնվել: Ես ակնկալիքներ չունեմ, ոչ գլխավոր դատախազից, ոչ էլ որևիցե մեկից, որ այս գործը կբացահայտվի, եթե այս տեմպով շարունակվի։ Դա համար մենք դադարեցնում ենք դատարանում գտնվել ֆիզիկապես»,- ասաց Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը: