VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր եռյակ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների օրակարգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն թեման, թե ով կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի իրենց թեկնածուն: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մյուս ուժերին առաջարկել է որոշել, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որեւէ հավակնություն չունի վարչապետ դառնալու, ավելին՝ Վանեցյանն էլ չի կարող հավակնել դառնալու եռյակի վարչապետի թեկնածուն: ՀՅԴ-ն եւս նման հեռանկար չի տեսել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ «Հայրենիք» կուսակցությունից: Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նմանատիպ խոսակցություն, որքանով ես տեղյակ եմ, եղել է ամիսուկես, երկու ամիս առաջ, երբ նոր սկսվում էր եռյակի գործունեությունը: Որեւէ մեկը հարց չի բարձրացրել, թե ով պետք է լինի վարչապետ. այո, եռյակն ասել է, որ մեր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ, եւ այն ինքնանպատակ չէ: Մեր պայքարը առհասարակ իշխանությունների դեմ է, որը մենք իրականացնում ենք, վարչապետի հարց չկա օրակարգում»:
Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Ես նման ձեւաչափով, առավելեւս նման բովանդակությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունեմ, եռյակի ձեւաչափում տեղի ունեցող բոլոր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն եւ հաղորդագրություններ տրամադրվում են ԶԼՄ-ներին: Եվ ես խորհուրդ եմ տալիս լրատվամիջոցների բոլոր իմ գործընկերներին առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով եւ ոչ թե տարատեսակ ու կասկածելի աղբյուրներից լրատվական դաշտ նետված տեղեկատվությամբ»: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին մասնակցել միայնակ՝ առանց դաշնակիցների: Ավելին, Ծառուկյանը երկու ամսից ավելի է, ինչ չի հանդիպել ինչպես Վանեցյանին, այնպես էլ «Դաշնակցության» լիդերներին: Ընդդիմադիր եռյակի համագործակցությունը շարունակվում է միայն աշխատանքային խմբի ձեւաչափով, որի անդամներն են ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը եւ Արթուր Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը եւ Լիլիթ Գալստյանը, իսկ «Հայրենիքից»՝ Արա Սահակյանը եւ Արսեն Բաբայանը: Թե ուր կհասնեն, դժվար է ասել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում հոկտեմբերի վերջին սպասվող հանրահավաքին Ծառուկյանի թիմը լրջորեն է նախապատրաստվում։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջնորդի հանձնարարությամբ՝ իրենք որտեղ բողոքի ակցիա են տեսնում, պետք է հայտնվեն տեղում, լսեն մարդկանց, հնարավորության սահմաններում փորձեն օգնել։ Հետագայում այդ խմբերը կարող են նաեւ մասնակցել ընդդեմ իշխանության հավաքներին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանի հանձնարարությամբ ներքին օգտագործման համար հարցում են իրականացրել եւ պարզել, որ իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում, բայց արդյունքները չեն հրապարակում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ իրենք չեն կարող ԲՀԿ-ի հետ համատեղ հանրահավաք կազմակերպել, քանի որ չեն պատկերացնում, թե ինչ օրակարգ է ունենալու այդ հանրահավաքը: «Որքան մենք ենք հասկանում, այդ հանրահավաքը կազմակերպվելու է ԲՀԿ-ի գոյության փաստը հավաստելու համար, եթե այդպիսի խնդիր կա, թող կազմակերպեն, մենք նման օրակարգ չունենք»,- նշեց մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր մի իրավիճակի է ականատես եղել: Երեւան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այնուհետեւ, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով: Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են: Թե ինչի շուրջ են զրուցել վերջիններս, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ «Ժողովուրդ» օրաթերթին այդ թեմայով: Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանի օրը ավարտվել է ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցով: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետը ավագանու նիստը չի վարել, քանի որ վատառողջ է: Ինչ է պատահել Մարությանին՝ դա էլ չկարողացանք պարզել. քաղաքապետի խոսնակը դարձյալ հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել»:
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու: Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապված է այն բանի հետ, որ նա այլևս չի դիմանում ո չ յուրայինների, ոչ էլ գործնականում ողջ հասարակության ամենօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, խիստ մեղմ ասած, քննադատությանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով խորհրդարան է մտել ԲՀԿ ցուցակով և վերջերս է դուրս եկել խմբակցությունից, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում: Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի թեկնածուները գրանցման փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն ԿԸՀ-ում հայոց լեզվից թեստ հանձնելու մասին տեղեկանք: Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, և դրա համար բավարար է, որ թեկնածուի ատեստատում լինի համապատասխան նշում, որ նա դպրոցում սովորել է հայերեն: Բագրատյանն առաջարկում է, որ հայերենին տիրապետելու փաստը ստուգվի քննությամբ: Բագրատյանի ակնարկը կարելի է հասկանալ, նա թերևս նկատի ունի իր նախկին՝ ԲՀԿ խմբակցության որոշ անդամների՝ ակնարկելով, որ նրանից ոմանք չեն տիրապետում հայերենին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որքան էլ «զզվում» է որոշ նախկիններից, բայց նաեւ «գժվում» է ոմանց համար։ Մի կողմից՝ իրավապահների միջոցով թուրն առել-ընկել է ՀՀԿ-ական մի շարք գործարարների հետեւից, երեկ էլ մեղադրանք առաջադրվեց Մհեր Սեդրակյանին՝ թաղապետի պաշտոնում չարաշահումների համար, մյուս կողմից՝ հերթական արտոնությունն է կազմակերպում Սամվել Ալեքսանյանի համար։ Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով եւ ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները եւ այլն։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունն արվում է իշխանության սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի համար, որպեսզի նրա տեքստիլի բիզնեսի հումքն ԱԱՀ-ով չհարկվի։ Իհարկե, չհարկվող ապրանքների շարքում տեղ են գտել նաեւ միջատներ՝ գիտահետազոտական նպատակներով, ինչպես նաեւ հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր, սակայն մեզ վստահեցնում են, որ օրենքը «կարվում» է հատուկ Լֆիկի «հագով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իհարկե, բարդ է երիտասարդ իշխանավորների համար՝ հանրային չափազանցված սպասումներ, ծանր պետական աշխատանք, որին նրանցից քչերն էին ծանոթ: Իսկ ծանրաբեռնված աշխատելը ռեժիմ է, որը տարիների ընթացքում է ձեռք բերվում: Եվ որքան Էլ որ իշխանություն լինելը հաճելի է, պարտականություններն ու բեռն էլ քիչ չեն: Իսկ 2018-ից հետո հանրությունը, մի կողմից, չափից դուրս սիրառատ է իշխանությունների հանդեպ, մյուս կողմից` չափազանց պահանջկոտ: «Սրա համա՞ր ենք հեղափոխություն արել», ամեն երկրորդն այսպիսի պահանջ է առաջ քաշում, և պետք է այդ պահանջները բավարարել, որ պահանջատերը կամաց բողոքավոր չդառնա և ֆեյսբուքներում իրենց «մեյիդը» չփռի: Դրան գումարած կորոնավիրուսը, տնտեսական անկումը, դիմակների պարտադրանքն ու ահռելի տուգանքները, որը զայրույթի ու դժգոհության նոր ալիք է բարձրացնում: Եվ դեմն առնելը հեշտ չէ: Ու այս ծանր սթրեսային վիճակում նաև խոշորացույցի տակ են. ով նոր տուն առավ, ով նոր մեքենա, ով հարսանիք ու խնջույք կազմակերպեց, անմիջապես հայտնվում է հանրային պարսավանքի ներքո: Առաջ գոնե գործուղումների էին մեկնում` սթրեսը հանում, հիմա դրանից էլ են զրկվել և մեզ` շարքային քաղաքացիներիս հետ հավասար «տանջվում» են: Անգամ Հայաստանում միքանիօրյա արձակուրդ գնալը հասարակությունը «չի հասկանում»: Բայց պաշտոնյաներին դա չի կանգնեցնում. Արսեն Թորոսյանը 18 օրով արձակուրդ գնաց, ինչը չլսված բան էր նախարարների կյանքում` գոնե 2020 թվականի կտրվածքով: Հայկ Մարությանն էլ նախ արձակուրդ գնաց, հիմա էլ «վատառողջ» է և երեկ ավագանու նիստին չէր մասնակցում: Նիկոլ Փաշինյանն էլ մի 4 օր արձակուրդ գնաց` մարզերում էր, հիմա էլ կարծես վերադարձել է աշխատանքի, բայց էլի մարզերում է: Տպավորություն է, թե արձակուրդը շարունակվում է»:
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` շուտով սպասվում է առնվազն երկու` առողջապահության և ԿԳՄՍ նախարարների հրաժարականները: Ըստ աղբյուրի` վերջիններիցս դժգոհ են իշխող խմբակցության պատգամավորները: Ըստ լուրերի` այդ հարցի լուծումը կուսակիցներին խոստացել է անձամբ առաջին դեմքը, որին ևս ձեռնտու է այդ գերսկանդալային նախարարներից հրաժարվել` նրանց վրա բարդելով մի շարք սկանդալներ, ամենակարևորը կորոնավիրուսային ձախողման ողջ պատասխանատվությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ձեւավորվող նոր իշխանությունների հարաբերությունները եւ պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թեւակոխել։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։ Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։ Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը եւ դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից, Մասիս Մայիլյանն իր «խաղն» է խաղում, գեներալիտետը լրիվ ինքնուրույն կյանքով է ապրում։ ՀՀ իշխանություններն օրերս դեղին քարտ են ցույց տվել Բաբայանին, ով սկանդալային հայտարարություն է արել Արցախի եւ Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագիր ստրագրելու մասին։ «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք․ ո՞վ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։ Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»,- ասել է նա ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, եւ սա լուսաբանել են արցախյան ԶԼՄ-ները։ Բայց ժամեր անց Հայաստանից զանգել են, ու հայտարարությունը հեռացվել է, քանի որ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու, որ հայկական բանակն ընդամենը օժանդակություն է ցուցաբերում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումներն այդպես էլ խոստում մնացին․ բացի 1-2 ժամանցի կենտրոնից, վերջին 2 տարում ոչինչ չի ստեղծվել: Վերջին խոշոր ներդրումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» հյուրանոցն էր եւ «Կումայրի» պատմական կենտրոնի ծրագրի շրջանակներում Ռուսթավելի ու հարակից փողոցների բարեկարգումը` նախշազարդ սալիկապատմամբ: Կարապետյանների ընտանիքը խոստացած 500 հազար դոլարի փոխարեն մոտ երկու անգամ ավելի` շուրջ 1 մլն դոլարի ներդրում է արել, եւ ծրագիրն ավարտվել է: Միայն մի փողոց էր մնացել, որ պետք է Ռուսթավելու նման սալիկապատեին, դա էլ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի այցից առաջ շտապ ասֆալտապատել են, որ վարչապետի այցի օրը ցուցադրելու եւ բացելու բան ունենան: Դրանով, սակայն, խախտել են Գյումրու պատմական միջուկի` Կարապետյանների նախատեսած սալիկապատման գաղափարը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի որոշ գործարարներ սպասում են Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի խոշորածավալ ներդրումային ծրագիր սկսեն: Խոսքը մոտ 200 միլիոն դոլարի մասին է, որով Ռուսաստանից Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան կառուցվելու է 5G ցանցի օպտիկամանրաթելային մալուխ: Իսկ ընտրությունների արդյունքները կարևոր են այնքանով, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, եթե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեն կամ գոնե զգալի ձայներ ստանան պրոռուսական քաղաքական ուժերը, ինչի դեպքում միայն հնարավոր կլինի ծրագրին վրացական կողմից հավանություն տալը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս լրջագույնս մոնիթորինգ են իրականացնում հանրակրթական դպրոցներում՝ յուրօրինակ «քաղաքական չիստկայի» նպատակով։ Բանն այն է, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անընդհատ թիրախավորում էին հանրակրթական դպրոցների քաղաքականացումը՝ դա իրավացիորեն համարելով անթույլատրելի երեւույթ: Սակայն տեղերից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այսօր գործ ունենք ճիշտ այն երեւույթի հետ, ինչը ժամանակին քննադատում էր Փաշինյանը։ Մեր տեղեկությունների համաձայն, իշխանության վերին օղակներից մարզպետներին հանձնարարել են մանրակրկիտ ու հանգամանալից ուսումնասիրություն իրականացնել եւ ձեռքի տակ ունենալ այն ուսուցիչների ցուցակները, որոնք այս կամ այն չափով կապված են եղել «նախկինների» հետ, ավելին՝ ներկայումս էլ ունեն «հակահեղափոխական» հայացքներ։ Հատուկ հանձնարարվել է հստակ հետեւել անգամ տվյալ ուսուցիչների ֆեյսբուքյան ակտիվությանը, թե ինչ «լայքեր» ու «շեյրեր» են կատարում նրանք սոցցանցի իրենց օգտահաշիվներում, եւ, ըստ այդմ, ստեղծել մեկ համապարփակ, ամբողջական պատկեր ու տեղեկատվական բազա։ Առաջիկայում աստիճանաբար այդ «անցանկալի» ուսուցիչները կա՛մ տարբեր պատճառաբանություններով քիչ դասաժամեր կստանան, կա՛մ ուղղակի «ժամաքանակի քչության» պատճառով դուրս կմնան դպրոցից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 19 հազար 530, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 19 հազար 372, 2018-ին 19 հազար 652: Այսինքն ծնվածների քանակն 158-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի հունվար-հուլիսի համեմատ այն հակառակը՝ պակասել է՝ 122-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է ավելացել: Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մահացել է 17 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հուլիսին մահացածների թիվը կազմել է 15 հազար 793, 2018-ին՝ 15 հազար 565 մարդ է մահացել: Այսինքն 1343-ով ավելացել է մահացածների քանակը: Պաշտոնական տվյալներով, հուլիսին Covid-19-ից մահացել է 320 մարդ, հունիսին՝ 355: Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով»:
«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ տարվա այս ժամանակահատվածում բնակչության մեծամասնությունը զբաղված է ձմռան նախապատրաստական աշխատանքներով, որի ամենաառանցքային հարցը վառելիքն է։ Ինչպես հայտնի է, այս թեման առավել սուր է դրված հատկապես գյուղերում, որտեղ բնակչության զգալի մասը վառելիքի հարցը լուծում է բնափայտով, որի ձեռքբերումը վերջին երկու տարիներին հատկապես տեղացիների համար դարձել է ամենամեծ գլխացավանքը։ Բանն այն է, որ այս սեզոնին իշխանությունների կողմից հատուկ հանձնարարական է իջեցվում անտառային տնտեսություններին եւ անտառային հսկիչներին, որպեսզի տեղերում առավել ուժեղացնեն հսկողությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին արդեն իսկ հսկողությունն ավելացվել է հատկապես այն մարզերում (Լոռի, Տավուշ, որոշ չափով նաեւ Սյունիք), որտեղ շատ են անտառները, եւ տեղի են ունենում ծառահատումներ։ Մեզ հետ զրույցում տեղացիներից մեկը նշել է, որ «էկոլոգիան (բնապահպանական տեսչությունը) ողջ օրը հսկում է բոլոր մեքենաների շարժը», ոչ մի կտոր փայտ անտառից հնարավոր չէ հանել։ Մեր տեղեկություններով, ներկայումս օրենքով սահմանված վճարում կատարելու միջոցով բնափայտ ձեռք բերելու սակագները, նախորդ տարվա համեմատ, էլ ավելի են բարձրացել՝ տեղերում կազմելով 28-30 հազար դրամ, ինչը տեղացիների համար անհասանելի գումար է։ Մեր զրուցակիցը հավելել է նաեւ, որ մարդիկ ձմեռվա վառելիք ձեռք բերելու հարցում իրենք ոչնչի առաջ չեն պատրաստվում կանգնել եւ առաջիկայում կդիմեն կոնկրետ քայլերի։ Հիշեցնենք, որ խոսքը ոչ թե փայտանյութի վաճառքի մասին է, որի հետ կապված նախորդ տարի Իջեւանում բավական լարված իրավիճակ էր ստեղծվել, այլ զուտ «տան ձմեռվա վառելափայտի»։
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հավաք է անցկացվել Լոռու մարզում: Տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկը կազմակերպել է տարբեր հաշվարկներով շուրջ 200-250 լոռեցի երիտասարդի վրանային հավաք Տաշիրի տարածաշրջանում: Առկա լուսանկարները ցույց են տալիս, որ հավաքի ընթացքում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, ավելին, ինքնին նման մարդաշատ վրանային հավաքն արգելված է պարետի որոշումներով: Իսկ ահա մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության՝ հավաքի մասին ռեպորտաժում կազմակերպիչները նշում են, որ միջոցառումն անցկացվում է Լոռու մարզպետարանի աջակցությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, հենց մարզպետարանի միջնորդությամբ ֆինանսական մասն ապահովել են համայնքապետարանները՝ մեծամասամբ նվիրատվության անվան տակ: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում ևս նախատեսված են նման հավաքներ, որոնք, մարզում շատերի համոզմամբ, ունեն քաղաքական հեռահար նպատակ՝ կապված սպասվող (կամ «ցանկալի») ՏԻՄ ընտրությունների, առաջին հերթին՝ Վանաձորի ավագանու (ըստ այդմ՝ նաև համայնքի ղեկավարի) ընտրության հետ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքն աստիճանաբար նկատելի ակտիվանում է։ Իշխանությունների որոշումները և գործողությունները կոշտ քննադատության են ենթարկվում ընդդիմության կողմից։ Շատ է խոսվում այն մասին, որ իշխանություններն ի վիճակի չեղան կորոնավիրուսի համավարակի դեմ պատշաճ պայքար մղել։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը բնակչության թվի համեմատ վարակվածների ցուցանիշով ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում բացարձակ առաջատար է, մի խոսքով՝ Եվրոպայի «չեմպիոն» ենք։ Բավական մեծ են նաև մահացության ցուցանիշները։ Իսկ այսպիսի պայմաններում իշխանությունների հիմնական գործը դարձավ առաջին տեղում դնել ոչ թե իրենց, այլ միայն քաղաքացիների անհատական պատասխանատվության հարցը և, ըստ այդմ, ինչքան հնարավոր է՝ շատ մարդու տուգանել դիմակ չկրելու համար։ Հիմա այսպիսի իրավիճակը չի կարող քաղաքական հետևանքներ չունենալ իշխանությունների հետագա գործունեության տեսանկյունից։ Վերջիններս այս տեսանկյունից ստիպված են լինելու քաղաքական պատասխանատվություն կրել իրենց արածների և չարածների համար։
Հաջորդ ոլորտը, որի շուրջ շատ է բարձրաձայնվում իշխանությունների թերացումների մասին, տնտեսությունն է։ Չնայած Փաշինյանի կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգներին, տնտեսության անկումն արագանում է։ Իսկ տնտեսության մեջ առկա իրավիճակը իր հերթին պայմաններ է ստեղծում, որպեսզի աճի երկրում սոցիալական լարվածությունը։ Իշխանությունները նույնիսկ պատկերացում չունեն, թե տնտեսական զարգացման ինչ հայեցակարգի միջոցով են հասնելու տնտեսության վերականգնմանը։ Ռազմավարական մոտեցման փոխարեն նրանք առաջ են շարժվում իրավիճակային լուծումներով։ Լուրջ խնդիրներ կան նաև կրթության ոլորտում։ Այստեղ հիմնական մտահոգիչ հարցը վերաբերում է հայագիտական առարկաների նշանակությունը նվազեցնելու քաղաքականությանը, որը տեղավորվում է ազգային արժեհամակարգի դեմ ուղղված արշավի շրջանակում։ Դա է պատճառը, որ կրթության արժեհամակարգային բաղադրիչի հետ կապված պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԿԳՄՍ նախարարության կամ կառավարության շենքի առջև, որի ժամանակ առաջ է քաշվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։
Ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում անհասկանալի փոփոխություններ են նախաձեռնվում։ Թերևս դրանք պայմանավորված են նաև նրանով, որ կրթության մասին վարչապետի պատկերացումները հիմնականում տեղավորվում են լեզուների տիրապետելու նեղ շրջանակի մեջ։ Սակայն կրթական քաղաքականությունն իր առջև ավելի լայն խնդիրներ պետք է դնի, որպեսզի Հայաստանը դառնա առավել մրցունակ երկիր։ Իշխանությունների բացթողումներն ակներև են նաև արտաքին քաղաքականության ասպարեզում։ Ճիշտ է՝ գործող իշխանությունները չգնացին արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ շրջադարձերի, բայց այս ուղղությամբ նրանք դեռևս օգտվում են նախորդների թողած ժառանգությունից և ի վիճակի չեն կերտել իրենց ձեռքբերումները։ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ավելի շատ կրավորական բնույթ է կրում, և գործընկերների հետ հարաբերություններում էական տեղաշարժեր ու խոշոր պայմանավորվածություններ տեսանելի չեն։ Սրանք իշխանությունների ունեցած բացթողումների ու թերացումների միայն մի մասն են, շատ չնչին մասը, ինչպես ասում են՝ ձախողումային հսկայական այսբերգի միայն տեսանելի հատվածը, սակայն նույնիսկ այսքանը բավարար է ներքաղաքական ակտիվ դրսևորումների համար։ Ըստ էության, նաև դրանով են պայմանավորված «թեժ աշնան» մասին խոսակցությունները։ Չնայած իշխանությունները փորձում են այնպես ներկայացնել, թե բազմաթիվ «թեժ աշուններ» են եղել, որոնք անցել, գնացել են, այս անգամ ևս նույն կերպ է լինելու, բայց պետք է հաշվի առնել, որ այս փուլում հանրային տրամադրությունները հող են նախապատրաստում, որ ներքաղաքական զարգացումները վճռորոշ նշանակություն ունենան»: