Մոլդովան ՌԴ-ին է դիմել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման հարցով. Դոդոն
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ երկրի իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանի ղեկավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Մոլդովային մատակարարելու հարցով, երբ ՌԴ-ն որոշի այն արտահանել: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը երեքշաբթի գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար: Նա ստացել է "Սպուտնիկ V" անվանումը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսի արտադրվել երկու հարթակներում՝ Գամալեայի կենտրոնում եւ «Բիննոֆարմ» գործարանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ կայուն իմունիտետ է ձեւավորում:
«Մենք կապեր ենք պահպանում այն երկրների հետ, որոնք հայտարարում են, որ արդեն պատվաստանյութ են գտել, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք կապի մեջ ենք, եւ մենք պաշտոնապես դիմել ենք ՌԴ գործընկերներին, որպեսզի այն պահին, երբ նրանք որոշեն սկսել արտահանումը, եւ դա թույլ կտրվի միջազգային նորմերով, պատվաստանյութը մատակարարվի նաեւ Մոլդովա», - հայտարարել Է Դոդոնը Facebook-ի իր էջում հեռարձակվող տեսաուղերձում:
Նա հույս է հայտնել, որ պայմանները «նորմալ կլինեն», ինչը թույլ կտա Մոլդովայի քաղաքացիների զանգվածային պատվաստում իրականացնել: Ընդ որում, պատվաստումը հանրապետությունում կամավոր կլինի։