7.12.2024
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Էրեբունու թաղապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Երեւան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իր եւ հարեւանի տան բակերը առանձնացնելու նպատակով քարե պարիսպի կառուցապատումը չդադարեցնելու եւ սահմանված կարգով 200.000 ՀՀ դրամով վարչական տույժի չենթարկելու համար իրենց տուն այցելած Էրեբունու համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել են կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։


ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետը եւ նույն բաժնի 1-ին կարգի մասնագետը, քաղաքացուց պահանջված ապօրինի վարձատրության գումարը Երեւան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ փողոցում ստանալուց անմիջապես հետո բերման են ենթարկվել, իսկ ապօրինի վարձատրության գումարը հայտնաբերվել է նրանց կողմից վարած ավտոմեքենայի սրահում:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Բնակիչը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ:


Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նշված երկու աշխատակիցները ձերբակալվել են՝ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով, եւ հարցաքննվել դեպքի շուրջ:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: