Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի. Դավիթ Տոնոյանն Արցախում է
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:
Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:
Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի: