Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ինչպես հայտնում է ՊՆ-ն, ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: «Հայկական կողմը կորուստներ չունի», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ադրեջանական կողմը հերքում է նոր հարձակման մասին լուրը՝ նշելով, որ այն մտացածին է:
Մի քանի ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ի պատասխան նոր գրառում է կատարում՝ նշելով. «Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին»։
VERELQ-ը հիշեցնում է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական ԶՈՒ սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է Տավուշի բնակավայրերը, մասնավորապես, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով:
Հակառակ կողմը հաստատել է 12 զինծառայողի կորուստի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմի պնդումներով ադրբեջանական զինուժի մարդային կորուստները, իրականում, ավելի շատ են:
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտվել է հուլիսի 20-ին, որի մասին է վկայում նաև Իջևանում բացված ճգնաժամային կենտրոնի աշխատանքների ավարտի ազդարարումը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներգրավված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես, Ռուսաստանի համանախագահը: «Ինչպես նշեցի նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ։ Շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: