22.11.2024
Հանրապետության տարածքին Սև ծովի շրջաններից մոտենում է ցիկլոնային դաշտ
prev Նախորդ նորություն

Ինձնից ուզում են կերտեն Սերժ Սարգսյան. Փաշինյան

Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվել, որը շուտով կսկսվի կիրառվել: Կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով, բայց ունենք նաև իրավական բնույթի խնդիրներ, որոնք հիմա պետք է փորձենք լուծել, դա օրենսդրական է, դա նախադեպային է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


«Հիմա ամբողջ աշխարհում դատական պրակտիկա է փոխվում, որպեսզի այս ուղղություններով գործերը հնարավորինս առաջ գնան: Եվ հիմա նրանք ի՞նչ են անում, ձևը գտել են, ուզում են մեզ ներքաշեն մի անիմաստ խոսակցության մեջ: Մենք ասում ենք, օրինակ, Ձորահէկը գողացել եք՝ Սերժ Սարգսյանի ընտանիք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել Սերժ Սարգսյանի ընտանիք, «Հիլթոն» հյուրանոցը, «Օպերա Սուիթ» հյուրանոցը ձերն է: Հայաստանի լրատվական դաշտի սեփականատերերից ըստ էության զոռով խլել եք «Արմենիա», «Շանթ» և այլ հեռուստաընկերություններ: Մենք ասում ենք, որ ընտրությունների կեղծման համակարգ է գոյություն ունեցել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել, սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած էկզիթ փոլերով, նաև կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով:


Երբ ասում էին այս ինչ տեղամասում ընտրակեղծիք է՝ Հայաստանի բոլոր լրագրողներն ու դիտորդները վազում էին այնտեղ, դա Սերժ Սարգսյանի ընտանիքից մշակված ծրագիր և պլան է եղել, որ բոլորին կենտրոնացնեն ենթադրենք 1/04 տեղամասում, իսկ 05, 06, 07, 08, 09-ում այդ ընթացքում «շաղգամն իր գործը անում էր»: Ու դա ո՞նց է բեմադրվել, եղել է, որ ուրիշի անձնագրով քվեարկության փորձ է արել և ընտրակեղծարարը բռնվել է ուրիշի անձնագրով քվեարկության փորձի ժամանակ: Բնականաբար, բոլոր դիտորդները՝ միջազգային, տեղական, գնում են այնտեղ և վերջում ի՞նչ է պարզվում, որ 50-ամյա քաղաքացին սխալմամբ վերցրել է կնոջ անձնագիրը ու այդ 50-ամյա քաղաքացու անուն ազգանունը նախապես որոշված է եղել հանրապետականի, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից: Ասել են՝ ուրեմն քաղաքացի ջան, այսինչ օրը պատահաբար այսինչ ժամին պատահաբար կվերցնես ոչ թե քո, այլ կնոջդ անձնագիրը՝ կգնաս, կտաս: Հետո աղմուկ աղաղակ կլինի, բեմադրությունը կտևի մեկ ժամ, մինչև մյուս տեղամասերում հարցերը լուծենք:


Հիմա ի՞նչ են մեզ ասում, ահա դուք մաքսանենգություն եք անում ու գնալով կոնկրետանում են իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք և այլն, այսինքն մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը, քանի որ հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը: Հիմա քանի որ նրանք ուզում են հեղափոխություն անել, ուզում են, որ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն, չարժի այդ բառը ասել Ազգային Ժողովից, իրենց նման «եխկելի» կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի, որովհետև ֆիլմերից մեջբերումներ անել երևի այս ամբիոնից ընդունված չէ, բայց մի շատ հայտնի ռուսական ֆիլմ կա, շատ հայտնի նախադասությամբ, ասում է ՝ «ты думаешь в деньгах сила, нет в правде сила», այսինքն մտածում ես փո՞ղի մեջ է ուժը, ոչ՝ ճշմարտության մեջ է ուժը: Եվ որևէ կասկած չկա, որ այդ կոռումպացված համակարգը, բոլորին իրար հետ մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլացիայի, որովհետև մեր թիկունքում, մեր մտքում և մեր սրտում կա միայն մի բան և այդ մի բանը ճշմարտությունն է, և մենք այդ ճշմարտության հետևից քայլելով ենք եկել, հասել այստեղ:


Մենք շարունակելու ենք մեր քայլը ճշմարտության ճանապարհին, ափսոս որ շատերն այդ ճանապարհի հետ են մնացել, հետ են մնում և հետ կմնան անդառնալիորեն և անվերադարձ»,- հայտարարել է Փաշինյանը: