ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանում վիճարկելու է բողոքի ցույցեր անցկացնելու արգելքը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրակեղծիքներ կատարելու համար, հանդես է գալու երկու նախաձեռնությամբ:
«Առաջինը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, իսկ երկրորդ՝ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը», - լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 17-ին, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Այս օրերի ընթացքում, ինչպես հավելեց գործընկերոջ կարծիքն ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, արդեն հազարից ավելի քաղաքացիներ եկել են իրենց զորակցությունը հայտնելու ԲՀԿ-ին: «Նրանք եկել են պահպանելով բոլոր պաշտպանիչ միջոցները, նրանց բերման են ենթարկում` անհամաչափ ուժի կիրառմամբ», - ասաց Էնֆիաջյանը։
«Մենք որևէ ակցիա չենք կազմակերպել, հավաքվելու կոչով կամ հայտարարությամբ չենք դիմել մարդկանց, քանի որ ազգաբնակչության առողջությունը ամենակարևորն է, մարդիկ ինքնաբուխ են եկել»,- հավելեց Իվետա Տոնոյանը։
Սահմանադրական դատարան դիմելու և քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով ԲՀԿ-ն, Տոնոյանի խոսքով, դիմելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ միանալու իրենց, որպեսզի անհրաժեշտ ստորագրությունների քանակը ապահովեն։
«ՀՀ կորոնավիրուսի այս պայմաններում արձանագրում ենք վատթարացող տեմպեր և տարաշրջանում ամենավատ ցուցանիշն ունենք։ Մեր խմբակցությունը նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել և հանգամանալից քննարկում իրականացնել, որ բոլոր անգործունակները, ոլորտը ձախողած մարդիկ գան պատասխանատվության, ներկայացնեն իրական վիճակագրական տվյալներ»,-ասաց Վահե Էնֆիաջյանը։