24.11.2024
Երևանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը լոբբինգ է անում Ռուսաստանը շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքները

ԱՄՆ-ի պետքարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Հոգլանդը կոչ է արել Ղազախստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային համահարթեցնել տրանսպորտային սակագները` Silk Wind նախագիծը կյանքի կոչելու համար:

Հոգլանդը նշել է, որ մերձկասպյան երկրների նավահանգիստների հզորությունները կարող են մոտակա ժամանակներս ավելացվել և հնարավոր կլինի Կենտրոնական Ասիայից ապրանքներ արտահանել լաստանավերի օգնությամբ Թուրքմենբաշիի և Աքթաու նավահանգիստներով դեպի Ադրբեջան, իսկ այնտեղից երկաթգծով դեպի Վրաստան, Թուրքիա և Եվրոպա:

Մինչ այդ, Verelq.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է դարձնել Ադրբեջանը տարածաշրջանային տրանսպորտային և տեղեկատվական կենտրոն: Ամերիկյան ռազմավարությունը Հարավային Կովկասում նոր էներգետիկ-տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ՝Արևելք-Արևմուտք, Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Սև ծով-Թուրքիա ուղղության վրա նոր շունչ է ստանում:

«Silk Wind» ծրագրի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղին թույլ կտա Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր:

ԱՄՆ-ը սկսել է հատկապես ակտիվ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Թուրքմենստանի հետ՝ ցանկանալով Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երկրներին ձգել դեպի իր կողմ: Այդ մասին հայտնում է Stratfor-ը: Ըստ Stratfor-ի, Թուրքիան ցանկանում է սերտ հարաբերություններ կառուցել ՌԴ-ի հետ, այդ թվում համատեղ գազամուղ կառուցելով:

Ուկրաինական ճգնաժամը սակայն Անկարային ստիպում է մտածել Սև ծովի ավանազանում անվտանգության մասին: Այդ պատճառով, Թուրքիան մի կողմից մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, իսկ մյուս կողմից՝ սերտացնում է կապերը Մոսկվայի հետ: Իր հերթին, Թուրքմենստանը փորձում է դաշնակցային հարաբերություններ կառուցել Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ, որպեսզի հնարավորություն ունենա Ռուսաստանը շրջանցելով իր գազն արտահանի Եվրոպա:

Վերջին շրջանում թուրք-վրաց-ադրբեջանական տնտեսական, էներգետիկ-կոմունիկացիոն և քաղաքական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ և սկսում են կրել ռազմավարական համագործակցության բնույթ: Էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա: