ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են այցելել «Ադեկվադի» բերման ենթարկված անդամներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Տեղեկացնենք, որ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամներին։
«Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ մասին հայտնել էր միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։
«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորույթուն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ», - ասել էր Լիլիթ Թումանյանը։