Փաշինյանը գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Մինասյան (VIDEO)
16.05.2020
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է Facebook-յան ուղիղ եթերներ նվիրել Հայաստանի ներկայիս իշխանություններին:
Հերթական եթերը նա վերնագրել է «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:
Մինասյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով:
«Նիկոլ Փաշինյանն աշխատելու փոխարեն սիրում է նստել, իր օլիգարխիկ ընտանիքի անդամների հետ մշակել նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև ՀՀ-ն՝ իր միջազգային հեղինակությամբ: Սխեման հետևյալն է. Հայաստան Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ, դրանք տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ դառնում են «հայկական», որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե ինչպես դրանք դարձան հայկական: Նաև հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական, արտահանվում են այլ երկրներ: Հայկական քվոտաներով արտահանվում են երկրներ՝ առանց ոչ մի հարկ, ոչ մի մաքսային տուրք մուծելու:
Այս ամենն առկա է պետական վիճակագրության թվերում: Ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է 20 միլիարդ, որպեսզի այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատել, ստեղծել, կազմակերպել այդ գործընթացը, ըստ միջին ստատիստիկ տվյալների՝ Հայաստանում պետք է ունենաս ավելի քան 1400 աշխատող: Թիվն իրականում աննախադեպ է: Ի դեպ, տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8,7 տոկոս, հետևաբար դա շատ զգալի է մեր ամբողջ տնտեսության մեջ:
Բայց Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ, հետևաբար՝ այդքան աշխատակիցների միջոցով անհնարին է այդ քանակը ստանալ: Ավելին. Հայաստանում, որ դա անես, պետք է լինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, հարկ պետք է տան 1400 հոգու համար, սակայն այդ ամենը չկա: Կա միայն մեկ թիվ, որ ՀՀ-ից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի: Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից: Այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»,- հայտարարեց Մինասյանը:
Սակայն, շարունակեց նա, մարդիկ սկսել են հարցեր տալ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ որտեղի՞ց եկան այդ ադամանդները, ինչպե՞ս ստեղծվեց այդ համակարգը, ինչո՞ւ դա չկար, այդ երեք ամսում ինչպե՞ս ՀՀ-ն 20 միլիարդի ադամանդ արտահանեց.
«Այն, ինչ պատմում եմ, կա պետական վիճակագրության թվերում: Ես խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ իր մութ և զզվելի ընտանեկան բիզնեսները փորձի գոնե Հայաստանի ներսում անել. ՊՆ հաշվին է նա ինչ-որ բաներ սղացրել, ելակների պատմությունը կա, այդ բոլոր պրոցեսները կան, դա շատ վատ է, բայց գոնե մեր մեջ է: Բայց երբ դուք դա անում եք սահմաններից դուրս, բացի այն, որ խայտառակ եք անում մեզ երկիրը դարձնելով երրորդ երկիր, դուք նաև հետագայում այնպիսի խնդիրներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու, ժողովուրդն է դուրս գալու»,- հավելեց նա: