24.11.2024
Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի հաղթանակի կերտման գործում. Քոչարյանի ուղերձը
prev Նախորդ նորություն

Զանազան հեղափոխական բռնապետեր մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:


Ուղերձում ասվում է.


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:


Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների եւ թոռների փառավոր հաղթանակը:


Թող մեր հայրերի ու պապերի աչքերում այսուհետ միայն ուրախության արցունքներ հայտնվեն՝ իրենց թոռների ու ծոռների ծննդյան եւ պսակադրության առիթներով, եւ այսուհետ ոչ մի պատերազմ նրանց վիշտ ու տառապանք չբերի:


Մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմում` Երկրորդ աշխարհամարտում քաղաքակիրթ մարդկությունն անասելի տառապանքների ու մեծագույն կորուստների գնով հաղթանակ տարավ ֆաշիզմի, այլատյացության եւ բռնատիրության դեմ:


Փառք այդ հաղթանակը կերտողներին:


Սակայն հաղթանակից հետո աշխարհը, ցավոք, լիովին չձերբազատվեց չարից եւ մարդկությանն սպառնացող վտանգներից: Նեոֆաշիստները, նորօրյա ահաբեկիչները, զանազան հեղափոխական բռնապետերն ու զավթիչները մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար:


Քսանմեկերորդ դարում անգամ ականատես ենք դառնում սարսափելի ավերածություններով պատերազմների, տեղահանությունների ու մարդկային տառապանքների: Սա առաջադեմ մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է, որին համատեղ չդիմակայելը հղի է կործանարար հետեւանքներով:


Ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային եւ հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը:


Պատերազմի ծանր պայմաններում կամավորական ստորաբաժանումների հիմքի վրա կազմավորված Արցախի պաշտպանության բանակն իր մեջ ամփոփեց այն հերոսականությունը եւ ոգին, որ կրում էին հայրենիքի նվիրյալ կամավորները:


Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության եւ սխրանքի բացառիկ դրսեւորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը եւ ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը:


Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին:


Շնորհավորում եմ մեր քաջարի զավակներին, որ չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը եւ փառավոր հաղթանակի նոր էջ գրեցին հայոց պատմության մեջ:


Նվիրական այս օրը ես ակնածանքով խոնարհվում եմ մեր բոլոր այն եղբայրների ու քույրերի հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին:


Հավերժ փա՛ռք նրանց:


Կրկին շնորհավորում եմ բոլորիս եռատոնի առթիվ, մաղթում հարատեւ խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք: