24.11.2024
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում, այլ ստեղծվում է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀ բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց. ԿԳՄՍՆ

Այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։


Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:


1-ին փուլ


Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։


2-րդ փուլ


Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում կմերկնարկի բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել է առաջնահերթություն։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝


1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,


2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:


3-րդ փուլ


Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:


Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում


Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես, հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրամադրում են անձնագրային բաժինները հաշվառվելու դեպքում: