Նախորդ օրը՝ ապրիլի 29-ին, կորոնավիրուսով վարակվածների 134 նոր դեպք է արձանագրվել, ինչը վատ իմաստով՝ ռեկորդային է: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն արձանագրեց, որ ապրիլի 30-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է, բուժվածների թիվը՝ 929, որին գումարվել է նախորդ օրվա առողջացածների թիվը՝ 29 մարդ: Այս պահին փաստացի բժշկական վերահսկողության տակ է գտնվում 1103 հիվանդ: Մահացել է 2 մարդ՝ 47 և 69 տարեկան, ընդհանուր՝ 32 մահվան դեպք: Արհեստական շնչառական սարքերին միացված է 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում են 17-ը, ծանր է ՝ 59-ի վիճակը:
Նախարարն ընդգծեց, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին չհոսպիտալացնելու ռազմավարությանը: «Իհարկե, մեր մոտեցումն այն է, որ այդ օրը, երբ մենք այդ որոշումը կկայացնենք, փորձելու ենք առավելագույնս ձգել, որովհետև դա ապագայում բերելու է վարակի հետագա տարածման: Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել, չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք, այսինքն մենք վստահաբար չենք կարող ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի, հնարավոր է ավելի քիչ լինի: Փոխկապակցվածության հանգամանքն է շատ մտահոգեցնում նաև մի առումով, որ մի դեպք ունենք, որից փաստացի միշտ փորձել ենք խուսափել, դա հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել, և այլ անձինք են վարակվել: Դրա համար պետք է նորից կոչ անենք՝ նման արարողություններին փոքրաթիվ անձանցով մասնակցել, և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,-ասաց Թորոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ Ավինյանից հետաքրքրվեց, արդյոք այս նոր փաստերը նախատեսված պլանները փոխում են, թե՞ որդեգրած պլաններով պարետատունն առաջ է գնալու: Տիգրան Ավինյանն ի պատասխան, նշեց, որ դեռևս պլանները չեն փոխվում, որովհետև նոր վարակվածների շրջանակը կոնկրետ է:
«Հիվանդանոցում էլ մենք ունեցել ենք լուրջ խնդիր, և էդտեղ էլ քիչ թե շատ շրջանակը կոնկրետ է: Այնուամենայնիվ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռևս կարծում եմ նման փոփոխությունների կարիքը չկա, բայց մոտակա օրերի թվերը, նաև անձանց այն շրջանակը, ում մոտ վարակվածության դրական արդյունք կլինի, մեզ թույլ կտա արդեն վերջնական որոշումներ կայացնել: Այս պահի դրությամբ, մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից էականորեն փոփոխվելու է տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների վերաբերյալ պարետի որոշումը, և էական ոլորտներ բացվելու են ՝ պարտադիր կանոնների պահպանմամբ: Շարունակելու է փակ մնալ ամբողջ կրթական համակարգը, դեռևս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճությունների ոլորտում, և մի քանի այլ ոլորտներում, բայց ընդհանուր առմամբ մշակող արդյունահանման ոլորտը վերագործարկվելու է, ինչպես նաև որոշ տեսակի խանութներ են վերագործարկվելու»,-հայտնեց Ավինյանը:
Վարչապետն իր խոսքում նշեց, որ երեկ, երբ ընտանիքով դուրս էին եկել զբոսնելու, փողոցներում բազմաթիվ մարդիկ են եղել: Նա նկատեց, որ վարակից խուսափելու համար պարետատան սահմանած կանոններն ակնհայտ չեն պահպանվում:
«Եթե մենք, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշ կաննոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ նաև նրանց քաջալերել, և հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Որովհետև ես քայլում էի, և մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ, և, եթե այդտեղ մի վարակակիր լիներ, ակնհայտ այդ 10-15 հոգին միանգամից վարակվելու էին: Հետևաբար մենք պետք է հասկանանք՝ ինչու ենք գնում էսպիսի քայլերի՝ առանց համաճարակի հաղթահարման, որովհետև, երբ սահմանափակումները մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ-երկու ամսից վարակը կհաղթահարվի, բայց հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ նրա համար, որ կարծում եմ ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր: Հետևաբար, ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը չի կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել:
Մեր մեծագույն խնդիրը՝ տնտեսարողների, ծնողների, երեխաների, մեծահասակների վարքագծային նոր կանոնների հաստատումն է, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել, որովհետև այլևս փակված հնարավոր չէ շարունակել, այլևս մոտիվացիա չկա, և եթե իմանանք, որ ևս մի ամիս փակվելու ենք, ու վարակը չի լինելու՝ կարող ենք: Բայց փաստն այն է, որ մեկ ամսում հնարավոր չէ վերադառնալ բնականոն կյանքի, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
Տիգրան Ավինյանը նկատեց, որ եթե մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքների, միանշանակ ամենակոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ: «Շատ կարևոր է , որ այն կանոնները, որ սահմանվում են, խիստ պահպանվեն տնտեսվարողի կողմից, եթե խախտվեն այդ կանոնները, կդադարեցվի տվյալ տնտեսվարողի գործունեությունը»,-ընդգծեց Ավինյանը: