24.11.2024
Կստեղծվի ներքին գործերի նախարարություն և նոր պարեկային ծառայություն
prev Նախորդ նորություն

Չեմ կիսում Լավրովի պնդումը, թե ՀՀ համար գազի գինը երբևէ եղել է շուկայականից ցածր.Գրիգորյան

Չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար գազի գինը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Լուրերի» հարցին ի պատասխան կեմնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել:  


«Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար գազի գինը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի բարձրացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ»,- ասել է փոխվարչապետը:


Անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ՀՀ-ում ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը, նա շեշտել է, որ կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով:


«Օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք դրանց բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Բայց և կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով», - հավելել է Մհեր Գրիգորյանը: