24.11.2024
Չեմ կիսում Լավրովի պնդումը, թե ՀՀ համար գազի գինը երբևէ եղել է շուկայականից ցածր.Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Հեռակա բանավեճ Գալստյանի ու Ամիրյանի միջև. մեկը փող է պահանջում, մյուսը՝ ներողություն

Արմեն Ամիրյանն անցնում է ողջամտության սահմանները եւ, ըստ երեւույթին, աղմկելու է մինչև ՀՔԾ-ում չառերեսվի իմ եւ գործով անցնող մյուս վկաների հետ: Այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը:


Ավելի վաղ Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր իրեն առնչվող քրեական գործին ու գրել, որ դիմում է դատարան, քանի որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը բազմիցս զրպարտել եւ վիրավորել է իրեն:


Սորեւ ներկայացնում ենք Հովհաննես Գալստյանի պատասխանը մշակույթի նախկին նախարարին.


«Արմենի ֆեյսբուքյան հերթական հուզառատ գրառմանն ի պատասխան՝ մեջբերում եմ N քրեական գործը վարող քննիչի ՈՐՈՇՈՒՄ-ից մի հատված, որը հուսամ՝ «արեւի շողի նման» կպարզեցնի պաշտոնաթող նախարարի միտքը. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ N բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի N հոդվածի, N մասի N կետով հարուցվել և քննվել է թիվ N քրեական գործը։


- Նախաքննության ընթացքում Շ․ Միրզախանյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար տրամադրված պետական աջակցության գումարից 5.000.000 ՀՀ դրամ հափշտակելու վերաբերյալ տվյալներ։


-Չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու եւ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի ակնկալում եմ, որ սա կարդալուց հետո պաշտոնաթող նախարարը կդադարի աղաղակել սոցցանցերում, կներկայանա ՀՔԾ և պարզաբանումներ կտա իրեն մեղսագրվող պաշտոնական դիրքի չարաշահման մասով, որից հետո կհատուցի ֆիլմին հասցրած ամբողջ գույքային վնասը։


Ռեժիսորը նաեւ հայտնում է, որ ՀՔԾ-ն արդեն վարույթ է ընդունել քրեական գործը, ու ինքն ապահովելու է այդ գործի առավելագույն հրապարակայնությունը, իսկ հետգրությամբ Գալստյանը գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, հուսամ՝ այս նուրբ, բայց արդեն հանգուցալուծմանը շատ մոտ գործով այսուհետ կներկայացնեք երկու կողմերի մեկնաբանությունները, ոչ թե կբավարարվեք՝ մերկապարանոց ֆեյսբուքյան գրառումները տարածելով։ Շնորհակալություն»:


Ինչ է ասում Արմեն Ամիրյանը


Արմեն Ամիյնանը նշում է, որ Հովհաննես Գալստյանն իրեն ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։


«Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին (այն ժամանակ տնօրեն Գևորգ Գևորգյան) հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։
Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է, և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանը ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։


Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։ Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում, մարդուն օգնելու համար, պետք է որոշում կայացնել։ Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը և անպայման լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորութուն չունեի։


Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։ Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար...», - ասաված է Արմեն Ամիրյանի գրառման մեջ:


"Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։ Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։


Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։ Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան։ Վստահ եմ, որ այս դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար", - նշում է նախկին նախարարը։


Քրեական գործի պատմությունը


Քննչական կոմիտեն ապրիլի 10-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` պարզվել է, որ 2017 թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6,800,000 դրամ գումար:


«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորը Կինոարտադրողների հայկական ֆեդերացիայի նախագահ, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գալստյանն է, որի խոսքով 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել էր Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։


Կինոռեժիսորի պահանջն էր Մշակույթի նախարարությունից ֆիլմի նկարահանումները շարունակելու համար ֆինանսավորում ապահովելը։


2019 թ․-ի փետրվարին արդեն Մշակույթի նախարարությունը՝ (նախարար Լիլիթ Մակունց) «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների մասին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում: