«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անձամբ անդրադառնա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ արցախյան բանակցություններում կարգավորման փուլային տարբերակ ենթադրող փաստթղթի քննարկման մասին հայտարարությանը:
«Կարծում եմ ՀՀ ԱԳՆ–ն պետք է պարզաբանում պահանջի ՌԴ ԱԳՆ–ից, ավելին նաեւ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է անձամբ անդրադառնա այդ հարցին, որովհետեւ սա շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում եւ այն ամենահստակ ձեւով պետք է պարզաբանվի եւ որոշակիորեն հերքի այդ տեղեկատվությունը», - ասել է Մարուքյանն ապրիլի 22-ին Ազգային ժողովում՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
Նա հայտարարել է, որ հակված է հավատալ Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությանն առ այն, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա:
«Մինչեւ մենք պատրաստվում էինք մեր ԱԳՆ–ից պարզաբանումներ պահանջել, եղավ ԱԳ նախարարի ասուլիսը, որտեղ վերջինս հստակ հերքեց սեղանի վրա եղած որեւէ փաստաթղթի հարց, այդ թվում նաեւ այդ փաստաթղթի մասին, որի մասին խոսեց ՌԴ արտգործնախարարը, ինչպես նաեւ զիջումների հետ կապված հարցեր։ Այստեղ հարց է առաջանում, ո՞ր ԱԳ նախարարին հավատալ, ես հավատում եմ ՀՀ ԱԳ նախարարին», - ասել է Էդմոն Մարուքյանը։
Քաղաքական գործիչը չի պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը կգնա այդպիսի զիջումների, ինչը ներկայացվում է Լավրվի նշած փաստաթղթի շրջանակներում։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին կառավարության մամուլի սրահում արձագանքեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե արդեն մեկ տարի է ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանին դրված են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր:
Նախարարն ընգծել է, որ բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային է։ «Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների», - ասել է նա՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու։
«Հայկական կողմերը չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որոնց մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։