Ես իրոք պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան
Ես ոչինչ չունեմ թաքցնելու և եկել է այն ժամանակը, որ ես իրոք պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին:
Այս մասին ապրիլի 16-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լսումներին մասնակցելուց առաջ, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ ինքն ավելի շատ է շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ, որովհետև ոչինչ չունի թաքցնելու:
«Ես դիմել էի հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ապրիլի 16-ին, իսկ ինչպես հայտնի է արտակարգ դրությունը երկարաձգվեց։ Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա մեկ երկու պատասխաններով, ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ էլ հանրությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը խոստացավ, որ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ասուլիս կհրավիրի և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպտասխանի բոլոր հարցերին։
Երկրորդ նախագահն այլ հարցերի չպատասխանեց: