24.11.2024
Ապօրինի գույքի բռնագանձում. «Իմ քայլը» թիրախավորում է հարստացած նախկին պաշտոնյաներին
prev Նախորդ նորություն

Ոչ մի քաղաքական հետապնդում. Արայիկ Հարությունյանը «ներել» ու պատրաստ է աշխատել բոլորի հետ

Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը բացառում է քաղաքական հետապնդումները որևէ մեկի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:


«Որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու: Նախընտրական փուլում եղել են վիրավորական հայտարարություններ, որոնց մասով ես պատրաստվում էի դիմել դատարան, սակայն մտափոխվել եմ և համախմբվածությունից ելնելով չեմ գնացել այդ քայլին»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը, մասնավորապես, Արցախի խորհրդարանական ընտրություններում երկրորդ ուժի ղեկավար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանի հետ, Հարությունյանը բացառեց դա՝ հիշեցնելով հենց Բաբայանի հայտարարությունները.


«Սամվել Բաբայանն ասել է, որ իրեն պաշտոնը չի հետաքրքրում: Ցանկացած իրեն հարգող քաղաքական գործչի պաշտոնը չի հետաքրքրում: Նրան հետաքրքրում է ծրագրի շուրջ համագործակցելը»,- ասաց Արցախի չորրորդ նախագահը:


Նա տեղեկացրեց, որ մի քանի օրից սկսելու է քաղաքական հանդիպումները, իսկ օրակարգը, որի շուրջ պատրաստ է համագործակցել ընդդիմադիրների հետ անփոփոխ է՝ Հայաստանի իշխանության հետ աշխատել ներդաշնակ, աշխատել իրենց առաջարկած օրակարգով:


«Ես պատրաստ եմ  ընդդիմադիր բոլոր ուժերի հետ համագործակցել՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Եվ սրանք խոստումներ չեն, դա տեսանելի կլինի իմ աշխատանքով»,- հավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը: