Արցախի պարետատունը քննարկում է երկրում ազատ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու հարցը: Այս մասին ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պետ նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, քննարկվում է հետևայալ սցենարը: «Սկզբից կարող են կիրառվել սահմանափակումներ առանձին տարածքների համար: Անհրաժեշտության դեպքում այն կտարածվի ամբողջ Արցախի վրա: Այն բոլոր սահմանափակումները, որ հիմա կան Հայաստանում, մենք կկիրառենք Արցախում աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,-ասաց պետնախարարը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունն աշխատում է բնակչության վրա համաճարակի վնասների ազդեցության նվազման ուղղությամբ
Նախատեսվում է իրականացնել գրեթե այն նույն հակաճգնաժամային միջոցառումները, որոնք Հայաստանում են կիրառվում:
«Օրինակ՝ հղի կանանց միանվագ նպաստ, որոնց ամուսինները աշխատանքը կորցրել են եւ այլն: Նաեւ մեր կողմից արդեն շրջանառության մեջ է դրված գյուղատնտեսության ոլորտի թվով 6 միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական վնասների չեզոքացմանը, ինչպես նաեւ պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը, հատկապես այս գարնանացանի ժամանակահատվածում: 1-2 օրվա ընթացքում այդ որոշումները կստորագրվեն եւ կհրապարակվեն»,-ասաց Արցախի պետնախարարը:
Նա հավելեց, որ ավարտել է առաջին եռամսյակը, հիմա վերլուծում են տվյալները, որպեսզի ավելի հասցեական ու նպատակային ծրագրեր կիրառեն:
Արցախի պետնախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի նման Արցախում ևս վարկային արձակուրդների կիրառման հնարավորություն կա: «Արցախի եւ Հայաստանի ֆինանսական համակարգերը մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում: Արցախում գործում են ՀՀ բանկերի մասնաճյուղերը եւ դրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով: Այդ առումով մենք մեկ դաշտում ենք գտնվում», - պարզաբանեց Մարտիրոսյանը:
Բացի այդ, նրա խոսքով, պետական վարկավորման կառույցների միջոցով, դրանցից են օրինակ՝ Արցախի ներդրումային հիմնադրամը, Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամը, վարկավորման դեպքում արդեն իսկ պետության մակարդակով կայացվել են տնտեսվարող սուբյեկտներին վարկային արձակուրդից օգտվելու համար հնարավորութուն տալու որոշումներ:
Վերջում նա դժվարացավ գնահատել տնտեսական կորուստների մասշտաբները: «Հնարավոր կորուստները հիմա դժվար է թվային գնահատական տալ, որովհետեւ գործընթացը շարունակվում է և ամեն ինչ կախված է ճգնաժամի տեւողությունից ու խորությունից: Կարծում եմ՝ դեռ վաղ է նման գնահատականներ տալու համար»,- ընդգծեց Գրիգորի Մարտիրոսյանը:
Արցախում այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման վեց դեպք: 17 մարդ մեկուսացված է: Սակայն չնայած համավարակի տարածման ռիսկին, Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանում է, որը հարուցել է շատերի դժգոհությունը:
Արցախի իշխանությունները նշում են, որ չեն կարող հետաձգել ընտրությունները, քանի որ սահմանադրությունը նման հնարավորություն չի ընձեռում: Նախ պետք է փոխել սահմանադրությունը: «Սահմանադրություն փոխելը ենթադրում է հանրաքվե, դրանով ամեն ինչ ասված է, քանի որ ընտրություն, թե հանրաքվե, դա նույն ընթացակարգն է նախատեսում», - եզրափակեց Գրիգորի Մարտիրոսյանը: