24.11.2024
Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է եղել. մարզպետ
prev Նախորդ նորություն

Ucom-ում իրավիճակը կայուն է. կառավարման խորհրդի պաշտոնական հայտարարությունը

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նախօրեին հիմնադիր բաժնետերերի խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու և լուծում գտնելու ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ առիթով կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերը սթրեսային են եղել Ucom-ի աշխատակիցների, բաժանորդների, գործընկերների և հանրության համար։ Մենք տեղեկացված ենք, որ այս իրավիճակում ընկերության բարձրագույն մարմնի լռությունը աշխատակիցների շրջանում լուրջ անհանգստություն է առաջ բերել։ Սակայն մենք գործել ենք իրավական ու էթիկական նորմերը պահպանելու սկզբունքով՝ գիտակցելով, որ լռությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

Մենք չենք նախաձեռնել տեղեկատվության արտահոսք և չենք փորձել այրել կամուրջները. մենք հավատացած ենք, որ ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Մեր դիրքորոշումը հանրայնացնում ենք միայն այսօր, երբ իրավական բոլոր մեխանիզմները թույլ են տալիս դա անել՝ ընկերության կանոնադրության և գործող օրենքների համաձայն։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել։

Նախ, մեր շնորհակալությունն ենք հայտնում Ucom-ի աշխատակիցներին՝ համատեղ անցած ճանապարհի ու հայկական տելեկոմի պատմությունը կերտելու համար։ Այդ պատմության մեջ Հայկն իր կարևոր ներդրումն ունի, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Լիահույս ենք, որ նա կշարունակի կիսել իր փորձառությունը Ucom-ի կառավարման խորհրդում՝ որպես համասեփականատեր ներկայացված լինելով: Բացի այդ, հավատում ենք, որ ի բարօրություն Ucom-ի մեծ թիմի, բոլոր բաժնետերեը իրենց մեջ ուժ կգտնեն գործընթացները ողջամիտ, կշռադատված քայլերով կազմակերպելու՝ առանց որևէ աշխատակցին վնասելու քայլերի։


Անդրադառնալով մամուլում շրջանառված տեղեկատվական միֆերին ընդգծենք, որ, այո՛, Ucom-ը հայկական ընկերություն է և այն, բնականաբար չի վաճառվել, փոխանակվել կամ «արտահանձնվել» որևէ երկրի՝ ոչ մի «գործարքի» դիմաց։ Ընկերությունը նաև երբևէ չի դիտարկել ու չի պատրաստվում դիտարկել հրաժարվելը իր որևէ աշխատակցից։ Բաժնետերերի մասով էլ հիշեցնենք, որ հիմնադրման օրվանից տարիներ շարունակ խոշորագույն միջոցներ, սոցիալական կապիտալ ու հնարավորություններ են ներդրվել Ucom-ի կայացման համար՝ շարունակելով հավատալ U-թիմի տեսլականին։ Ի դեպ, 12 տարիների ընթացքում բաժնետերերը երբևէ դիվիդենտ չեն վերցրել։

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։

Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և մենք բոլորս պատասխանատու ու հաշվետու ենք մեր թիմակիցների, մեր հաճախորդների ու գործընկերների, ինչպես նաև լայն հանրության առջև։ Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր»։


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:


Մամուլում տեղեկություններ շրջանառվում, որ ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ:


Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:


Նշենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝ Beeline-ը գնելու շուրջ քննարկումների փաստը:


Հայտ է ներկայացվել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է վերլուծություն ներկայացնեն:


«Յուքոմում» ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին և զարմիկին պատկանող բաժնեմասերը կալանքի տակ են վերցվել։ Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները տնօրինում են «Յուքոմի» բաժնեմասերի 12 տոկոսը, ևս 24,3 տոկոսի սեփականատերը Արամ Խաչատրյանն է՝ Խաչատրյանի եղբորորդին։


«Յուքոմի» բաժնեմասեր ունի նաև ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։