Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ: Նման որոշում կայացրեց կառավարությունն ապրիլի 13-ի արտահերթ նիստում:
Հարցը զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արտակարգ դրությունը երկարացնելու առումով իրավաչափության խնդիր չկա։ «Նախագծով, որով արտակարգ դրությունը երկարաձգվելու է մինչև մայիսի 16-ը, որոշակի մեղմացումներ են նախատեսվում, այդ թվում՝ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումների մասով։ Բացի այդ, ԴԱՀԿ-ն արգելանքներ չի կիրառի կարմիր գծերի և երթևեկության խախտումների համար արտակարգ դրության ժամանակ», - ասաց նախարարը։
«Հայաստանում վարակի տարածման հետ կապված անկառավարելի իրավիճակ չկա», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համավարակի տարածման ռիսկերի ավելացման մասին:
«Պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետատան որոշմամբ ապրիլի 13-ից թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է: Սա արվել է մի քանի նկատառումներով: Սոցիալ-տնտեսական կյանքն էլ ավելի չբարդացնելու նպատակով», - ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա բերելու է վարակակիրների թվի ավելացման ռիսկի:
Այդ ռիսկերը կտրուկ կավելանան, նշում է Փաշինյանը, եթե ՀՀ քաղաքացիները խստորեն չպահպանեն Առողջապահության նախարարության ցուցումներն ու անվտանգության կանոնները: Նա կոչ արեց քաղաքացիներին ճշգրիտ պահպանել այդ ցուցումները: Այնուհետև նշեց, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է պահել, որպեսզի պարետատունն օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենա:
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մեկամսյա ժամկետում չեն գործելու մամուլի նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները: Սակայն պայման է դրված: «Մոնիտորինգ կիրականացնենք՝ հասկանալու համար, որքանով են մամուլն ու հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ ռիսկեր առաջանան, ապա կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնեն և վերջին գործող ռեժը կվերականգնենք», - ասաց նա:
Այսօր՝ ավելի ուշ, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին որոշումը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: